Մատչելի հղումներ

Եվրոպան հայտարարել է սեփական ուժերով մասշտաբային վերազինում իրականացնելու մասին


ՆԱՏՕ գլխավոր քարտուղարն ու Լեհաստանի նախագահ
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարն ու Լեհաստանի նախագահ

Եվրոպան հայտարարել է մասշտաբային վերազինման մասին, և արձագանքելով անդրատլանտյան հարաբերությունների վերաբերյալ Վաշինգտոնի նոր մոտեցումներին՝ Բրյուսելում պայմանավորվել են 860 միլիարդ դոլար կազմող ReArm Europe ծրագրի մեկնարկի մասին։

Պաշտպանական ոլորտի եվրոպական ընկերությունների բաժնետոմսերը նախորդ շաբաթներին երկնիշ աճ են գրանցել՝ նման կերպ որոշակիորեն մեղմելով միջազգային շուկաներում ի հայտ եկած լարվածությունը՝ փաստորեն, սկիզբ առած առևտրային պատերազմների պատճառով:

Միացյալ Նահանգներ-Եվրոպա-Ուկրաինա-Ռուսաստան գծում նախորդ շաբաթներին տեղի ունեցած հայտնի զարգացումների ֆոնին՝ Բրյուսելը փորձում է ամրապնդել իր պաշտպանունակությունը ու հատկապես Վաշինգտոնից հնչող այն հայտարարությունների ֆոնին, թե եվրոպական անվտանգությունն այլևս ԱՄՆ առաջնահերթությունը չէ:

«Ֆոնդային շուկան հասկացել է, որ Եվրոպան ավելի ինքնուրույն է դառնում և պետք է, համապատասխանաբար, պաշտպանի իրեն»,- ասում է գերմանական Steubing AG բանկի ներկայացուցիչ Թիմ Էյշները:

Ունա՞կ է Եվրոպան ինքնուրույն վերազինվել
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տևական ժամանակ է, ինչ կոչ է նում Եվրոպային ավելի շատ ծախսել սեփական պաշտպանության ուղղությամբ՝ պնդելով, թե Վաշինգտոնն այլևս չպետք է վճարի եվրոպական անվտանգության ապահովման համար:

Հինգշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության առաջնորդները՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ միասին, քննարկել են 860 միլիարդ դոլար արժողությամբ «Վերազինել Եվրոպան» (ReArm Europe) մասշտաբայի ծրագիրը, որը ֆինանսավորվելու է ԵՄ թողարկած պարտատոմսերով:

«Փողը ավելի քիչ խնդիր է, քան [խնդրի] լուծումը: Տեսանք COVID-ից հետո, որ Եվրոպան ու ԵՄ-ն արագորեն կարողացան մոբիլիզացնել հարյուր միլիարդավոր եվրոներ»,- ասում է Դյուսելդորֆում գործող գերմանա-ուկրաինական խորհրդատվական բյուրոյի ներկայացուցիչ Մատիա Նելեսը:

Եվրամիության անդամ-երկրները՝ առանձին-առանձին, նույնպես մեծացնում են իրենց պաշտպանական ծախսերը: Ֆրիդրիխ Մերցը, ով, ըստ ամենայնի, կստանձնի Գերմանիայի կանցլերի պաշտոնը, խոստացել է մեղմել երկրում գործող փոխառությունների խիստ կանոնները:

«Այստեղ ցանկանում եմ շատ հստակ լինել՝ «Անել՝ ինչ էլ պահանջվի» մոտեցումն անհևաժեշտ է կիրառել նաև մեր պաշտպանության համար՝ հաշվի առնելով մեր ազատությանը և մեր մայրցամաքում խաղաղությանը սպառնացող վտանգները»,- ասել է Մերցը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ սառեցնել Ուկրաինա առաքվող ռազմական օգնությունը, միայն ամրապնդեց Եվրոպայի մտադրությունը՝ զարգացնել սեփական ռազմական կարողությունները:

Ռոբերտ Հալվեր, գերմանական Baader Bank-ում կապիտալի շուկայի վերլուծության ղեկավարն է:

«Կարևոր է, որ մեր ծախսած գումարները մնան Եվրոպայում։ Չպետք է [այդ գումարով] գնենք ամերիկյան ռազմական համակարգեր»,- ասում է Հալվերը:

Զուգահեռաբար՝ Եվրոպայի ղեկավարները խոստացել են շարունակել աջակցությունը Ուկրաինային։

Գլխավոր հարցն, անշուշտ, հետևյալն է՝ ունա՞կ է Եվրոպան ինքնուրույն վերազինվել և շարունակել սպառազինության մատակարարումներն Ուկրաինային:

«Մի գիշերվա ընթացքում հնարավոր չէ կառուցել ռազմա-արդյունաբերական համալիր»,- ասում է Ռուսաստանի հարցերով բրիտանացի փորձագետ Մարկ Գալեոտին:

Հայտնի է՝ եվրոպական ոչ բոլոր երկրներն են կողմ Կիևին ցուցաբերվող օգնությանը: Հունգարիան և Սլովակիան դեմ են արտահայտվել Ուկրաինային աջակցություն հատկացնելուն:

«Պատերազմի շարունակումը սխալ է և վտանգավոր»,- հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Այս ամենի առնչությամբ առկա է նաև երրորդ կարծիք․ Բրյուսելում՝ շենքի դիմաց, ուր ընթանում էր Եվրոպայի առաջնորդների հանդիպումը, ցուցարարները եվրոպական իշխանություններից պահանջում էին բռնագրավել մայրցամաքի բանկերում սառեցված և մոտ 200 միլիարդ դոլար կազմող ռուսական պետական ակտիվները՝ այդ գումարներն ուղղելով Ուկրաինայի պաշտպանությանը:

XS
SM
MD
LG