Անցած շաբաթվա ավարտին հազարավոր ցուցարարներ էին հավաքվել Թել Ավիվում գտնվող Իսրայելի Պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ կառավարությունից պահանջելով «Համասի» հետ գործարևք կնքել պատանդների ազատ արձակման շուրջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հաստատել էր, որ ամերիկյան իշխանությունները առաջին անգամ ուղիղ բանակցություններ են սկսել «Համասի» հետ, ինչը, փաստորեն, նոր մոտեցում է ԱՄՆ քաղաքականության մեջ, որը տարիներ շարունակ հրաժարվում էր ահաբեկչական ճանաչված կառույցների հետ ուղիղ բանակցություններ վարել:
«Մենք քննարկումներ ենք անցկացնում «Համասի» հետ։ Օգնում ենք Իսրայելին այդ քննարկումներում, քանի որ խոսքը իսրայելցի պատանդների մասին է։ Եվ մենք ոչինչ չենք անում «Համասի» առումով։ Գումար չենք վճարում…։ Փաստորեն, ես 59 պատանդ եմ դուրս բերել, և մենք ոչինչ չենք տվել դրա միմաց»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Կիրակի պատանդների հարազատներն ու «Համասի» հետ գործարքի միջոցով նրանց ազատ արձակման կողմնակիցները Իսրայելի Պաշտպանության նախարարության շենքի մոտ էին՝ պահանջելով տուն վերադարձնել ամիսներով պաղեստինյան թաքստոցներում՝ ճաղերի հետևում գտնվող մարդկանց։
«Կան տասնյակ մարդիկ, ովքեր մեզ հետ են՝ ասելու կառավարությանը, թե մի՛ մտեք Գազա այլևս…։ Դադարեցրե՛ք այդ պատերազմը և բոլոր պատանդներին վերադարձրեք տուն»,- ասում է զոհված պատանդի ազգական Այալա Մեցգերը:
Եվ այսպես, պատանդների հարցով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բանագնացը օրերս հանդիպել է «Համասի» ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ամիսներով անազատության մեջ գտնվող մարդկանց ազատ արձակումը՝ բանակցություններն անվանելով «շատ օգտակար»:
«Կարծում եմ, շաբաթների ընթացքում կարելի է համաձայնության հասնել: Կասեմ, որ ես հավատում եմ, թե հնարավոր է գործարք կնքել՝ հիմք ընդունելով «Համասի» ու Իսրայելի ուզածը: Կարծում եմ՝ հնարավոր է մի գործարք, որի [արդյունքում] կարելի է ազատ արձակել բոլոր բանտարկյալներին [և] ոչ միայն ամերիկացիներին»,- X-ում գրել է պատանդների հարցերով ԱՄՆ բանագնաց Ադամ Բոհլերը:
Այս ամենի ֆոնին շարունակում է ծանր մնալ հումանիտար իրավիճակը Գազայի հատվածում: Շրջանում բնակվող մարդկանց խոսքով ժամերով սպասում են հաց ստանալուն, քանի որ այն թխելու համար այլևս ո՛չ էլեկտրականություն, ո՛չ էլ վառելափայտ կա:
Իսրայելը վերստին կասեցրել է սննդամթերքի, վառելիքի ու դեղորայքի մատակարարումը շրջան՝ պահանջելով ազատ արձակել 59 պատանդներին, որոնք դեռ պահվում են Գազայում:
Հրեական պետության ն երկայացմամբ՝ մտադիր է պատվիրակություն ուղարկել Կատար՝ Եգիպտոսի ու Կատարի միջնորդների հետ բանակցությունները առաջ տանելու համար: