Մատչելի հղումներ

Սպիտակ տունը պարզաբանում է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը


Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ

Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ օգտագործել ամերիկյան ռազմուժը՝ Գազայի հատվածը «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» դարձնելու իր ծրագիրն իրականացնելու համար, և պաղեստինցիների տեղափոխումը ժամանակավոր է լինելու: Թրամփի հայտարարությունը աշխարհում հակազդեցության է արժանացել։

Ավելի քան հինգ հարյուր հազար պաղեստինցիներ՝ Գազայի հատվածի բնակչության գրեթե մեկ քառորդը, վերադարձել են շրջանի հյուսիս:

Այս օրերին Գազայում բուռն քննարկման առարկա է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Վաշինգտոնը մտադիր է իր վերահսկողության ներքո վերցնել պաղեստինյան այդ շրջանը:

Պաղեստինցի Սամիհա Զահերն ասում է․ «Թրամփը կարող է երազել։ Նա կարծում է, թե կարող է մեզ տեղահանել կամ վտարել»։

Երեքշաբթի Թրամփին հարցրել էին՝ արդյո՞ք ամերիկյան զորքեր կուղարկի Գազայի հատվածը գրավելու համար։

Սպիտակ տունը պարզաբանում է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00

«Ինչ վերաբերում է Գազային, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է: Եթե անհրաժեշտ լինի, մենք այդ կանենք։ Պատրաստվում ենք վերցնել այդ կտորը»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը չորեքշաբթի պարզաբանել է Թրամփի հայտարարությունը. «[Ասվածը] չի նշանակում, որ ամերիկացի հարկատուները կֆինանսավորեն այդ ջանքերը: Այն նշանակում է, որ Դոնալդ Թրամփը, որը մոլորակի լավագույն գործարք կնքողն է, պատրաստվում է գործարք կնքել տարածաշրջանում մեր գործընկերների հետ»։

Սակայն ԱՄՆ մերձավորարևելյան գործընկերները դատապարտել են գաղափարը, ներառյալ՝ Հորդանանը և Եգիպտոսը, երկու հարևան երկրներ, որոնց Թրամփը հորդորել է ընդունել պաղեստինցիներին:

Հորդանանի թագավոր Աբդալլահը չորեքշաբթի Ամմանում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին։ Նույն օրը Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են Եգիպտոսի արտգործնախարարին՝ Կահիրեում:

Բոլորը ընդգծել են, որ հակամարտությանը վերջ տալու համար անհրաժեշտ է և՛ հրեական, և՛ պաղեստինյան պետությունների գոյությունը։

Նույն տրամաբանության մեջ էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը:

«Կենսական է հավատարիմ մնալ միջազգային իրավունքի հիմքերին: Էական է խուսափել էթնիկ զտումների ցանկացած ձևից»,- հայտարարել է նա։

Սաուդյան Արաբիան՝ արաբական աշխարհի առաջատար երկիրը, հայտարարել է, որ իր աջակցությունը Պաղեստինի պետականության ստեղծմանը «հաստատուն և անսասան է»:

Փաստորեն, Ռիյադի նշված հայտարարությունը հակասում է երեքշաբթի Թրամփի հնչեցրած խոսքերին, թե սաուդցիները չեն պահանջում պաղեստինյան պետականության հիմնում:

«Սաուդյան Արաբիան շատ օգտակար է լինելու, և նրանք շատ օգտակար են եղել: Նրանք խաղաղություն են ուզում Մերձավոր Արևելքում»,- ասել է Թրամփը:

Մերձավորարևելյան հակամարտության հանգուցալուծման հարցով սաուդցիները բանակցում էին Բայդենի վարչակազմի հետ, սակայն այդ բանակցությունները դադարեցվեցին՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» հարձակման պատճառով։

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր Մադավի ալ-Ռաշիդն ասում է.

«[Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն] Մուհամեդ բեն Սալմանը այս պահին ոչ մի անմիջական օգուտ չի տեսնում իր համար՝ իրականացնելու նախագահ Թրամփի ծրագիրը, որն, ի դեպ, վրդովեցուցիչ է, և ամբողջ աշխարհը, կարծես, դեմ է դրան»:

«Նրանց պետք է թույլ տան տուն վերադառնալ: Նրանց պետք է թույլ տալ վերակառուցել, և մենք պետք է նրանց հետ լինենք այդ գործում՝ երկու պետությունների լուծման ճանապարհին»,- իր հերթին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Սպիտակ տունն ընդգծում է՝ Թրամփի ծրագրի համաձայն՝ նախատեսվում է միայն ժամանակավորապես տեղափոխել պաղեստինցիներին:

«[Այդ տարածքը] որևէ մեկի համար բնակելի վայր չէ: Կարծում եմ, իրականում, դաժան բան է առաջարկել, թե մարդիկ պետք է ապրեն նման ծանր պայմաններում»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Լևիթը հավելել է, որ Թրամփը առաջիկա օրերին կխոսի տարածաշրջանի առաջնորդների հետ:

Այս ամենի ֆոնին՝ Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են ծագել Գազայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունների պատճառով։

XS
SM
MD
LG