ԱՄՆ ու Իսրայելի քաղաքացիություն ունեցող 65-ամյա Քիթ Սիգելը երեք պատանդներից մեկն էր, որոնց շաբաթ օրը ազատ արձակեցին «Համասի» զինյալները՝ մոտ 16 ամիս պատանդ պահելուց հետո։
Քիթ Սիգելին և իր կնոջը՝ Ավիվային, առևանգել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Քֆար Ազզայում գտնվող իրենց տնից և իրենց իսկ մեքենայով տարել Գազա։
Ավիվան ազատ էր արձակվել 2023 թվականի նոյեմբերին։
Ազատ են արձակվել նաև Ֆրանսիայի ու Իսրայելի քաղաքացիություն ունեցող Օֆեր Կալդերոնը և իսրայելցի Յարդեն Բիբասը: Գերեվարվել էին նաև Բիբասի կնոջն ու երկու երիտասարդ տղաներին։ «Համասի» փոխանցմամբ՝ վերջիններս սպանվել են իսրայելական ավիահարվածի հետևանքով: Իսրայելը չի հաստատել տեղեկությունը։
Ինչպես հայտնի է, զինադադարի համաձայնագրի շրջանակներում Իսրայելն ազատ է արձակել տասնյակ պաղեստինցի բանտարկյալների, վերաբացել Եգիպտոսի և Գազայի միջև ընկած «Ռաֆահ» անցակետը, որը թույլ կտա օրական 50 պաղեստինցիների դուրս գալ Գազայից՝ բուժօգնություն ստանալու համար:
Հիշեցնենք՝ հրադադարի առաջին փուլը սկսվեց ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի պաշտոնամուտից ընդամենը մեկ օր առաջ, և դիտորդների խոսքով՝ մեծ է եղել Թրամփի դերը, որպեսզի և՛ «Համասը», և՛ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնություն կայացնեն:
Նեթանյահուն ներկայացմամբ՝ Դոնալդ Թրամփը Իսրայելի մեծ բարեկամն է. «Հավատում եմ, որ միասին աշխատելով ավելի մեծ բարձունքների կհասցնենք ԱՄՆ-Իսրայել դաշինքը։ Վստահ եմ, որ ավարտին կհասցնենք Իրանի պարտությունը և կսկսենք խաղաղության ու բարգավաճման նոր դարաշրջան մեր տարածաշրջանի համար»:
Իսրայելի ու «Համասի» միջև ձեռք բերված հրադադարի երկրորդ փուլով նախատեսվում է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին, երկարաժամկետ զինադադար հաստատել Գազայում և շրջանից դուրս բերել իսրայելական զորքերը:
Սակայն դիտորդները նկատում են՝ Նեթանյահուն տատանվում է։
Եբրայական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Գայիլ Թալշիրն ասում է. «Միակ մարդը, ով կարող է, իրականում, ստիպել Նեթանյահուին շարունակել զինադադարը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է»:
Միևնույն ժամանակ, իսրայելցի վերլուծաբաններն նշում են, թե Մերձավոր Արևելքի վերաբերյալ Թրամփի տեսլականն ավելի լայն է:
Գազայում այսօր առաջնային է քարուքանդ եղած ենթակառուցվածքների վերականգնումը։ Հայտնի է նաև Թրամփի դիրքորոշումը, թե ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի փախստականներ կարող են վերաբնակցվել Հորդանանում ու Եգիպտոսում։