Ազատ է արձակվել «Համասի» ձեռքին գտնվող իսրայելցի՝ իգական սեռի հինգ զինվորականներից վերջինը՝ Ագամ Բերգերը, ում պատանդ էին տարել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի դեմ պաղեստինյան խմբավորման արյունալի գրոհից հետևանքով։
482 օր գերությունից հետո Բերգերը վերամիավորվել է իր ընտանիքի հետ, այնուհետև՝ տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են լավ։
Նրա մայրը խոստանում է՝ այլևս երբեք չի բաժանվի դստերից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Վիտկոֆը նույնպես այցելել է հիվանդանոց՝ հանդիպելու ազատված պատանդներին, ապա մեկնել՝ Թել Ավիվի, այսպես կոչված, պատանդների հրապարակ՝ այն վայրը, որտեղ նախորդ 15 ամիսներին պակցիաներ են անցկացվում պատանդների ազատ արձակման պահանջով։
Իսրայելում, բնականաբար, դրական արձագանք է ստանում պատանդների ազատ արձակումը, և արդեն երրորդ խումբն է, ինչ, համաձայն Իսրայելի ու «Համասի» միջև ձեռք բերված պայմանավորվածության, հայտնվում է ազատության մեջ։
Ըստ զինադադարի առաջին փուլի՝ ազատ են արձակվելու իսրայելցի 33 պատանդներ՝ կանայք, տարեց տղամարդիկ և հիվանդ մարդիկ։ Փոխարենը, Իսրայելը ազատ է արձակելու հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների:
Բար Իլան համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Իլանա Շպայզմանն ասում է. «Նախորդ 15 ամիսների ընթացքում ծանոթացանք այս մարդկանց և նրանց ընկալեցինք որպես մեր ընտանիքի մաս, որովհետև իսրայելական հասարակության մեջ շատ կարևոր է համերաշխությունը և այն զգացումը, որ մենք բոլորս միասնական ենք որպես մեկ ժողովուրդ։ Իսկ պատանդների ազատ արձակումը մեզ համար շատ թանկ բան է»։
«Համասն» ազատ արձակեց Բերգերին, որից հետո «Իսլամական ջիհադը» ազատեց ևս երկու իսրայելցու ու հինգ թաիլանդցի պատանդների:
Իսրայելցիները՝ 80-ամյա Գադի Մոզեսը և 29-ամյա Արբել Յահուդը, քաղաքացիական անձինք են, որոնք պատանդ էին տարվել են Նիր Օզի կիբուցի իրենց տներից:
Նիր Օզի բնակավայրի մոտ 400 իսրայելցիների մեկ քառորդը սպանվել կամ պատանդ է տարվել։
Հազարավոր պաղեստինցիներ էին շրջապատել պատանդներին տեղափոխող մեքենաները՝ ծաղրելով և հրելով մեքենաները: «Համասի» զինված փորձում էին վերահսկել ամբոխին:
Նման միջադեպին պատասխան՝ Իսրայելը հետաձգել է ավելի քան 100 պաղեստինցի բանտարկյալների՝ ծրագրված ազատ արձակումը:
Մինչ պատանդների ազատ արձակումը նախատեսող զինադադարի առաջին փուլը շարունակվում է, Իսրայելն ու «Համասը» պատրաստվում են երկրորդ փուլի բանակցություններին, որի ժամանակ նախատեսվում է համաձայնության հասնել իսրայելցի նոր պատանդների ու պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման և Գազայի մեծ մասից իսրայելական զորքերի դուրսբերման շուրջ։