Այսօր Գուանտանամոն հայտնի է որպես մի վայր, որտեղ ճաղերից այն կողմ են ահաբեկչության մեջ կասկածվողները, այդ թվում՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների հետևում կանգանծները և թալիբ զինյալները։
Սակայն անցած օրերին Կուբայի հարավ-արևելյան մասում գտնվող այդ վայրը՝ ԱՄՆ ռազմածովային բազան ու բանտը, կրկին հանրության ուշադրության կենտրոնում էին, և պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանն է, ըստ որի նախապատրաստական աշխատանքից հետո այնտեղ պահվելու են ԱՄՆ-ից արտաքսված մոտ 30 հազար ապօրինի միգրանտներ։
«Այդ թիվը կարող է աճել։ Այո՛: Բայց այն երկրները, որոնք հետ չեն ընդունի իրենց հանցագործներին, որ ուղարկել են մեզ մոտ, նրանց սպասվում են շատ կոշտ պատժամիջոցներ»,- ասել է Թրամփը:
Իրավապաշտպան կազմակերպություններն նշում են, որ ԱՄՆ օրենսդրության համաձայն օրինական է ապօրինի միգրանտին կարճ ժամանակով կալանավորելը՝ մինչ նրա արտաքսումը, սակայն եթե հայրենի երկիրը պատրաստ չէ ընդունել տվյալ անձին, ապա, միևնույն է, անժամկետ կալանքը անօրինական է:
Human Rights Watch-ի փախստականների և միգրանտների իրավունքների բաժնի տնօրեն Բիլ Ֆրլիքն ասում է. «Մարդկանց ուղարկում եք մի վայր, որտեղ նրանք փաստաբանների հետ կապվելու հնարավորություն չեն ունենա: Նրանք կապ չեն ունենա ընտանիքների հետ: Նրանք լիովին մեկուսացված կլինեն։ Եվ կարծես, նախագահի մտադրությունն է նրանց այնտեղ անժամկետ պահել»։
ԱՄՆ-ում գտնվող և փաստաթուղթ չունեցող միգրանտները ներկայում պահվում են կալանավայրերում ու բանտերում:
Փախստականների օգնության միջազգային նախագծի համաձայն՝ նախկինում ծովում հայտնաբերված ապօրինի միգրանտներին նույնպես պահել են Գուանտանամոյում՝ Ռեյգանի և Քլինթոնի վարչակազմերի օրոք տասնյակ հազարավորների, իսկ Բայդենի վարչակազմի օրոք՝ հարյուրից քիչ էին:
Նախագծի փոխտնօրեն Հաննա Ֆլամը նշում է. «Մինչ այժմ երբեք չի եղել, որ Միացյալ Նահանգները զանգվածային արտաքսման արշավի շրջանակներում ձերբակալեր ԱՄՆ-
ում գտնվող անձանց և ուղարկեր Գուանտանամո: Նման բան նախկինում երբեք չի արվել»։
Գուանտանամոն «կատարյալ վայր» է հանցագործ միգրանտների համար՝ օրերս հայտարարեց ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը. «Աջակցելու ենք նախագահի հրահանգին, որպեսզի համոզվենք, որ ունենք մի վայր՝ հանցագործ անօրինական [միգրանտների] համար, երբ նրանց արտաքսենք երկրից»:
Հեգսեթի ու այլ պաշտոնյաների խոսքով՝ առանց փաստաթղթերի միգրանտները, ովքեր հանցագործություն չեն կատարել, նույնպես կարող են պահվել Գուանտանամոյում:
Թրամփի նշանակած «սահմանային ցարը»՝ Թոմ Հոմանն, իր հերթին, հայտարարել է. «[ԱՄՆ] առափնյա պահպանությունը ծովում հայտնաբերված մարդկանց ուղիղ Գուանտանամո է տանելու»։
Ընտրությունը կանգ է առել Գուանտանամոյի վրա, քանի որ ԱՄՆ-ում առկա կալանավայրերի տարածքը այլևս չի բավականացնում՝ անցած ուրբաթ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը. «Սա լուրջ պատճառ է, թե ինչու Կոնգրեսը պետք է հնարավորինս արագ ընդունի այս փաթեթը՝ ապահովելու, որ Ներքին անվտանգության նախարարությունը ու Ներգաղթի և մաքսային ծառայությունը ունենան անհրաժեշտ ֆինանսավորում՝ այդ անձանց կալանավորելու համար»:
Օբամայի և Բայդենի օրոք դեմոկրատական վարչակազմերը փորձել են փակել Գուանտանամոյի բանտը, սակայն ապարդյուն։ Այն կառուցվել է Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի օրոք՝ 2002 թվականին, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: