Միացյալ Նահանգների Պետքարտուղարության համաձայն՝ Ռուբիոն Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյին և արտգործնախարար Խավիեր Մարտինես-Աչային ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «նախնական եզրահանգման է եկել, որ Պանամայի ջրանցքի տարածքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ազդեցության և վերահսկողության ներկայիս դիրքը սպառնալիք է ջրանցքի շահագործմանը»։
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հստակեցնում, թե ԱՄՆ-ն հատկապես ինչ է համարում Չինաստանի անհարկի ազդեցություն 82 կիլոմետրանոց ջրանցքի նկատմամբ, ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը կամ ինչ է արձագանքել նախագահ Մուլինոն։
Հիշեցնենք՝ նախորդ օրերին Պանամայի նախագահը մերժում էր ընդունել ԱՄՆ նոր վարչակազմի քննադատությունը Պանամայի ջրանցքի առնչությամբ՝ պնդելով, թե չի պատրաստվում Վաշինգտոնի հետ քննարկել ջրանցքի սեփականության հարցը։
Պանամայում բողոքի ակցիաներ տեղի ունեցան՝ ուղղված Թրամփի խոսքերի դեմ։ ԱՄՆ կողմից կառուցված ջրանցքը 1999 թվականին հանձնվեց Պանամային, և այսօր պանամացիները կտրականապես դեմ են Դոնալդ Թրամփի պահանջին, թե հարկ է ջրուղին վերադարձնել Վաշինգտոնի վերահսկողությանը։
Կիրակի Ռուբիոյին Պանամա քաղաքում դիմավորեց մոտ 200 հոգանոց բողոքի ակցիան՝ Պանամայի դրոշներով և կոչերով՝ «Մարկո Ռուբիոն, դուրս կորի՛ր Պանամայից», «Կեցցե՛ ազգային ինքնիշխանությունը» և «Մեկ տարածք, մեկ դրոշ»։
Ոմանք այրում էին Թրամփի և Ռուբիոյի պատկերներով պաստառները։ Սակայն ոստիկանությունը կանխեց ցուցարարների երթը դեպի երկրի նախագահական նստավայր։
ԱՄՆ Պետքարտուղարության համաձայն՝ իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Մարկո Ռուբիոն «նաև ընդգծել է համատեղ ջանքերի կարևորությունը՝ կիսագնդի անօրինական միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար», ինչը, հիշեցնենք, Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է, որը նախատեսում է ԱՄՆ-ից արտաքսել միլիոնավոր ապօրինի միգրանտների։
Պետքարտուղարության տվյալներով՝ Ռուբիոն շնորհակալություն է հայտնել նախագահ Մուլինոյին «հայրենադարձության համատեղ ծրագրին աջակցելու համար, որը նվազեցրել է անօրինական միգրացիան Դարիենի պատնեշով (Darien Gap)»։
Այդ տարածքը Կենտրոնական և Հարավային Ամերիկան կապող դժվարանցանելի անտառային գոտի է, որի միջոցով միգրանտները փորձում են հասնել ԱՄՆ։
Ռուբիոյի կենտրոնամերիկյան ուղևորության ընթացքում նախատեսված են այցեր նաև Սալվադոր, Կոստա Ռիկա, Գվատեմալա և Դոմինիկյան Հանրապետություն։ Նախատեսված են բանակցություններ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի, Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսի, Գվատեմալայի նախագահ Բեռնարդո Արևալոյի և Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերի հետ։
Լատինական Ամերիկայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Մաուրիսիո Կլավեր-Կարոնեի խոսքով՝ սա ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ ԱՄՆ պետքարտուղարի առաջին պաշտոնական արտասահմանյան այցը տեղի է ունենում Լատինական Ամերիկա։
Դիտորդների խոսքով՝ այցը միտված է հակազդել տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությանը։
«[Պետ]քարտուղար Ռուբիոյի շփումները բարձրաստիճան պաշտոնյաների և բիզնես հանրության ղեկավարների հետ կնպաստեն մեր հիմնական, ընդհանուր շահերի շուրջ տարածաշրջանային համագործակցությանը՝ զսպելու ապօրինի և զանգվածային միգրացիան, պայքարելու անդրազգային հանցավոր խմբավորումների և թմրանյութերի առևտրով զբաղվողների դեմ, հակազդելու Չինաստանին և խորացնելու տնտեսական համագործակցությունը հանուն բարգավաճման մեր կիսագնդում»,- ուրբաթ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը։
Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ այսօր Չինաստանն է, իրականում, վերահսկում Պանամայի ջրանցքը։ Լատինաամերիկյան այդ երկիրը, սակայն, հերքում է այդ պնդումը՝ ընդգծելով, որ Պանաման է կառավարում ջրանցքը, և այն բաց է բոլոր երկրների ծովային երթևեկության համար։
Անցած հինգշաբթի Ռուբիոն նախազգուշացրել էր, որ Չինաստանը կարող է արգելափակել մուտքը դեպի ջրանցք հակամարտության դեպքում։
«Եթե հակամարտության ժամանակ Չինաստանի կառավարությունը նրանց հրամայի փակել Պանամայի ջրանցքը, նրանք ստիպված կլինեն այդ անել։ Ոչ մի կասկած չունեմ, որ նրանք արդեն այդ նպատակով պլանավորել են քայլեր։ Դա ուղիղ սպառնալիք է [ԱՄՆ ազգային անվտանգությանը]»,- ասել է Ռուբիոն SiriusXM Radio-ի հետ զրույցում։
Ինչպես ասացինք, Պանամայի նախագահ Մուլինոն բացառել էր ջրանցքի վերահսկողության շուրջ Ռուբիոյի հետ որևէ քննարկում։
«Չեմ կարող և առավել ևս՝ չեմ պատրաստվում բանակցել ջրանցքի շուրջ։ Այդ հարցը լուծված է։ Ջրանցքը պատկանում է Պանամային»,- հինգշաբթի ասել էր նա լրագրողներին։
Իր հերթին՝ ուրբաթ կայացած ճեպազրույցում Մաուրիսիո Կլավեր-Կարոնեն նախազգուշացրել էր ջրանցքի գոտում չինական ընկերությունների «աճող սողացող ներկայության» մասին, որը ներառում է նավահանգիստներն ու հեռահաղորդակցության ենթակառուցվածքները։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ նշվածը լուրջ սպառնալիք է ոչ միայն ԱՄՆ ազգային անվտանգության, այլև Պանամայի և ողջ արևմտյան կիսագնդի համար։
Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Չինաստանը Արևմտյան կիսագնդում իր ազդեցությունն ընդլայնելու համար կիրառում է ինչպես տնտեսական, այնպես էլ ոչ տնտեսական մեթոդներ՝ ստեղծելով ազգային անվտանգության խնդիրներ։
«Ստանում եք շատ չինական ներդրումներ ձեր երկրում, բայց շուտով հայտնվում եք իրավիճակում, երբ ձեզ ուղղակի կամ անուղղակի ստիպում են միանալ [չինական] «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը կամ կնքել այլ գործարքներ, որոնք ներառում են ձեր հեռահաղորդակցության ոլորտը»,- ասել է Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Ամերիկայի ծրագրի տնօրեն Ռայան Բերգը։
«Մեկ գոտի, մեկ ճանապարհը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որը Չինաստանը մեկնարկել է 2013 թվականին՝ նախագահ Սի Ծինփինի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ցամաքային և ծովային ճանապարհներով միացնել տարբեր մայրցամաքները։
ԱՄՆ-ն նախազգուշացրել է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» Չինաստանի գործիքներից մեկն է՝ խաթարելու միջազգային նորմերի վրա հիմնված միջազգային առևտրային համակարգը՝ հօգուտ սեփական շահերի։
Բերգի խոսքով՝ նախորդ տարիներին Չինաստանի ուղղակի ներդրումները Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում զգալիորեն աճել են, և տարածաշրջանի հինգ երկրներ արդեն իսկ ունեն ազատ առևտրի համաձայնագրեր Պեկինի հետ, ևս երկուսը ներկայում բանակցում են այդ նպատակով։
«Ազգային անվտանգության տեսանկյունից Չինաստանի բազմաթիվ առևտրային նախաձեռնություններ, իրականում, ռազմական նշանակություն ունեն, և դրանք միտված են Լատինական Ամերիկային»,- ասել է վաշինգտոնյան «Անվտանգ ազատ հասարակության» կենտրոնի գործադիր տնօրեն Ջոզեֆ Հումիրը։
Նա շարունակել է, թե «Չինաստանը Պանամայում է ավելի քան 20 տարի, բայց քաղաքական ակտիվություն դրսևորեց հատկապես 2017 թվականից հետո»՝ հիշեցնելով, որ այդ տարում Պանաման ստորագրեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհին» միանալու փաստաթուղթ և խզեց դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ՝ նման հարաբերություններ հաստատելով Պեկինի հետ։
Այդուհանդերձ, ըստ Հումիրի, նախորդ տարիներին Պանամայի տնտեսությունը անկում է ապրել։
Հարկ է նշել, որ Ռուբիոյի այցելած բոլոր երկրները ներկայում դիվանագիտական կապեր ունեն Կուբայի և Վենեսուելայի հետ։
Հաշվի առնելով ԱՄՆ-ի լարված հարաբերությունները նշված երկու պետությունների հետ, և որ այդ երկրները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ին արտաքսվծ իրենց քաղաքացիներին ընդունելու հարցում, իր այցի ընթացքում Ռուբիոն կարող է առաջ մղել այսպես կոչված «երրորդ երկրների» համաձայնագրերը, որոնք թույլ կտան այլ պետություններին ընդունել ԱՄՆ-ից արտաքսված անձանց։
Այս ամենին զուգահեռ՝ Թրամփի հատուկ հանձնարարությունների գծով բանագնաց Ռիչարդ Գրենելն անցած ուրբաթ հանդիպել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, և, կարելի է ասել, այցը հաջողված էր, քանի որ նույն օրը Վենեսուելայից Գրենելի հետ տուն վերադարձան վեց ամերիկացի կալանավորներ։