ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնամուտից օրեր անց՝ հանրապետական օրենսդիրների հետ հանդիպմանը, վերահաստատել է իր դիրքորոշումը, որ մտադիր է միջազգային նավագնացության համար առանցքային Պանամայի ջրանցքը վերադարձնել ԱՄՆ վերահսկողության ներքո՝ ընդգծելով, որ լատինաամերիկյան այդ երկրի իշխանությունները արդարացի չեն վերաբերվում ամերիկյան նավերին։
«Չինաստանը, ըստ էության, վերցրել է այն, և մենք թույլ չենք տա, որ նման բան տեղի ունենա»,– հայտարարել է Թրամփը։
Հանրապետական օրենսդիրների համոզմամբ ջրանցքը կարևոր տեղ ունի ԱՄՆ ազգային անվտանգության ապահովման գործում։
Հանրապետական սենատոր Թեդ Քրուզն ասում է․ «Չինական ընկերությունները հենց հիմա դանդաղ տեմպերով կամուրջ են կառուցում ջրանցքի վրայով, որը կտևի մոտ տասը տարի։ Չինական ընկերությունները վերահսկում են նավահանգիստները [ջրանցքի] երկու ծայրերում։ Մասամբ ավարտված կամուրջը Չինաստանին հնարավորություն կտա առանց նախազգուշացման արգելափակել ջրանցքը։ Այս իրավիճակը, կարծում եմ, լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը։ [Բացի այդ] ջրանցքով տարանցման համար սահմանված բարձր վճարներն անհամաչափ են ազդում ամերիկացիների վրա»։
Միացյալ Նահանգներն է կառուցել մոտ 82-կիլոմետրանոց ջրանցքը 1914 թվականին և շահագործել այն մինչև 1977 թվականը, որից հետո վերահսկողությունն իրականացնում էին համատեղ՝ ԱՄՆ-ն ու Պանաման, և միայն 1999 թվականին ջրանցքը փոխանցվեց Պանամայի կառավարությանը։
Այս ամսվա սկզբին Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հայտարարեց, որ ջրանցքը կշարունակի պատկանել իր երկրին։
«Պանաման չի շեղվի նման հայտարարություններից։ Ժամանակի ընթացքում մենք եղել ենք Միացյալ Նահանգների դաշնակիցն ու բարեկամը»,- ասել է Մուլինոն։
Նշենք, որ ջրանցքով անցնող տարանցիկ ապրանքների մոտ 72%-ը կա՛մ ներմուծվում է ամերիկյան շուկաներ, կա՛մ արտահանվում է այդ շուկաներից։ Պանամայի ջրանցքի պայմանագիրը պարտավորեցնում է այդ ուղին չեզոք պահել և թույլ է տալիս ԱՄՆ-ին միջամտել, եթե անհրաժեշտություն առաջանա։
Ջորջ Մեյսոն համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Եվգենի Կոնտորովիչը նշում է․ «Եթե Պանաման պայմանագիր կնքեր Չինաստանի հետ, որով վերջինս Պանամայի անունից կշահագործեր ջրանցքը, դա ակնհայտ խախտում կլիներ։ Բայց ի՞նչ կլիներ, եթե Պանաման նավահանգստային գործառնությունների համար պայմանագիր կնքեր չինական պետական ընկերության կամ նույնիսկ մասնավոր ընկերության հետ, որը մասամբ վերահսկվում է Չինաստանի կառավարության կողմից։ Այսինքն՝ անհրաժեշտ չէ, որ ընկերությունը պատկանի կառավարությանը, որպեսզի մասամբ վերահսկվի կառավարության կողմից»։
Դեմոկրատ սենատոր Մարիա Քենթվելը կոչ է արել ավելի ընդգրկուն առևտրային համաձայնագիր կնքել Պանամայի հետ՝ խնդիրը լուծելու համար։
«Ավելի լուրջ խնդիրն այն է, որ պետք է հասկանանք, թե որոնք են ներկայիս համաձայնագրի թերությունները։ Հուսով եմ, որ Պանաման համագործակցող կլինի կիբեռանվտանգության ոլորտում ներդրումները քննարկելու հարցում»,- ասել է նա։
Վերլուծաբան Մարիա Բոզմոսկին «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, որ շրջանառության մեջ գտնվող օրինագիծը՝ «Ամերիկայի մասին», կարող է լուծում տալ խնդրին։
«Ի վերջո, [խնդիրը] վերաբերում է Ամերիկա մայրցամաքում կատարվող ներդրումներին։ Այն՝ տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու ամենահզոր գործիքն է, և ի վերջո այն երկրները, որտեղ այդ ներդրումները կկատարվեն, ավելի շատ աշխատատեղեր կունենան։ Սակավ մարդիկ կցանկանան գաղթել Միացյալ Նահանգներ»,– նշել է նա։
Հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատրաստվում է իր առաջին օտարերկրյա այցը կատարել Պանամա՝ փետրվարի սկզբին։