Մատչելի հղումներ

Պաշտոն ստանձնելուց առաջ Թրամփը թիրախավորում է Կանադան, Պանաման և Գրենլանդիան


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ

Մոտ մեկ ամիս անց նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կստանձնի Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը: Բայց մինչ պաշտոնամուտն էլ ԱՄՆ ապագա նախագահը չի իջնում լրատվամիջոցների էջերից․ օրերս սպառնացել է վերահաստատել ԱՄՆ իշխանությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, և հայտարարել, թե մտադիր է Դանիայից գնել Գրենլանդիան

Դանիայի թագի ներքո գտնվող սառցապատ, կիսաինքնավար հսկայական կղզին՝ Գրենլանդիան կրկին հայտնվել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ուշադրության կենտրոնում:

Կիրակի հայտարարելով, թե ում է պատրաստվում նշանակել Դանիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնին՝ Թրամփը ասել է, որ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է, որ Գրենլանդիան անցնի Ամերիկայի Միացյալ Նահանգներին:

Ավելի վաղ Թրամփը առաջարկել էր վերականգնել ԱՄՆ վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, քանի որ, նրա խոսքով, սակագները, որոնք Պանաման գանձում է ծովային բեռնափոխադրման այդ կարևոր երթուղին օգտագործելու համար, «ուղղակի թալան են»:

«Եթե չհարգեն այս մեծահոգաբար իրականացված նվիրատվության ժեստը և բարոյական ու իրավական սկզբունքները, ապա կպահանջենք, որ Պանամայի ջրանցքն ամբողջությամբ, արագ և առանց [ավելորդ] խոսքի վերադարձվի Ամերիկայի Միացյալ Նահանգներին»,- հայտարարել է Թրամփը:

Ի՞նչ նպատակ է հետապնդում Թրամփը՝ թիրախավորելով Կանադան, Պանաման և Գրենլանդիան
please wait

No media source currently available

0:00 0:02:16 0:00

Արձագանքել էր Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն, թե ջրանցքի յուրաքանչյուր քառակուսի մետրը կշարունակի պատկանել Պանամային՝ հերքելով, որ նավերից գանձվող գումարը շատ է։

«Մաքսատուրքերի չափերը քմահաճ ձևով չեն սահմանվել: Դրանք ձևավորվել են հրապարակային բաց լսումների արդյունքում՝ հաշվի առնելով շուկայի պայմանները, միջազգային մրցակցությունը, շահագործման ծախսերը և միջօվկիանոսային ջրուղու պահպանման և արդիականացման կարիքները»,- ասել է Պանամայի նախագահը:

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը նույնպես արձագանքել է Թրամփին՝ պնդելով, որ Գրենլանդիան չի վաճառվում:

Թրամփը խոսել էր Գրենլանդիան գնելու ցանկության մասին դեռ իր առաջին նախագահության օրոք՝ 2019 թվականին, սակայն այն մնաց սոսկ խոսակցություն։

Բայց այս հայտարարությունն ավելի լուրջ ուշադրության արժանացավ Վաշինգտոնի դաշնակիցների ու գործընկերների կողմից:

Այդ երկրներից է Կանադան:

Սպառնալով կանադական ապրանքների նկատմամբ 25%-ով բարձրացնել մաքսատուրքերը՝ Թրամփը վարչապետ Ջասթին Թրյուդոյին վերջերս անվանեց «նահանգապետ»՝ առաջարկելով, թե ԱՄՆ-ն կարող է իր կազմում ընդգրկել հյուսիսային հարևանին՝ այն դարձնելով 51-րդ նահանգ:

Թրամփի այս խոսքերի շուրջ քննարկումները սրվեցին, երբ ԱՄՆ նորընտիր նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը այս երկուշաբթի սոցցանցերից մեկում հրապարակում արեց՝ պատկերելով հորը, թե ինչպես է Դոնալդ Թրամփը Amazon առցանց հարթակի միջոցով «գնում» Կանադան, Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը:

XS
SM
MD
LG