Մատչելի հղումներ

Թրամփի օրոք ևս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման հստակ ուղի չկա


Զելենսկին և Թրամփը
Զելենսկին և Թրամփը

Ռուսական ուժերը շարունակում են իրենց հարձակողական գործողությունները Ուկրաինայի դեմ, թեև այլևս Թրամփի ղեկավարած ամերիկյան վարչակազմը աշխատում է երկու կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ։ Ուկրաինան պատրաստ է բանակցություններին, սակայն վերլուծաբանների ասում է, որ Մոսկվան նման մտադրություն չունի։

Երբ հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը, Վլադիմիր Պուտինը շտապեց շնորհավորել նրան, և շատերը մտածեցին, թե հնարավոր է Ուկրաինայում խաղաղության հաստատման պատուհան է բացվում։

Բայց ռուսական ուժերի շարունակվող գրոհների ֆոնին՝ Պուտինը մեղադրում է ուկրաինացիներին, որ իբր նրանք չեն ցանկանում բանակցել։ Կրեմլի ղեկավարը նաև կասկածի տակ է դրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմությունը, թե արդյոք նա ունի խաղաղության համաձայնագիր կնքելու լիազորություն։

«Որևէ մեկի հետ հնարավոր է բանակցել, բայց լեգիտիմության պակասի պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրել»,- ասել է Պուտինը։

Զելենսկու նախագահական ժամկետը պաշտոնապես ավարտվել է անցած տարի, սակայն նա շարունակում է կառավարել՝ համաձայն ռազմական դրության, որը հայտարարվել է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։

Պուտինը պնդում է, թե այդ հանգամանքը Զելենսկուն դարձնում է ոչ լեգիտիմ նախագահ, ինչը մերժում են Ուկրաինայում և ողջ աշխարհում՝ նման հայտարարությունները համարելով Պուտինի կողմից խաղաղ բանակցություններից խուսափելու փորձ։

Վերլուծաբանները նշում են, որ Պուտինը չի շտապում բանակցություններ վարել մի քանի պատճառներով։

«Պատճառներից մեկը այն է, որ Ռուսաստանը մարտադաշտում առաջընթաց է գրանցում, և կարծում եմ, որ Պուտինն ու նրա գեներալները շատ լավ գիտակցում են, թե մարտադաշտի ձեռքբերումները, ի վերջո, իրենց օգուտ կտան»,- ասում է Նյու Յորքում գործող Global հարցերի ինստիտուտի գիտաշխատող Ռանսոմ Միլլերը։

Բացի այդ, հայտնի է նախագահ Թրամփի դիրքորոշումը, թե ավելի քիչ է պատրաստ վճարել Ուկրաինայի պաշտպանության համար, քան իր նախորդը՝ Ջո Բայդենը։

Ե՛վ Վաշինգտոնի, և՛ Մոսկվայի ղեկավարները, կարծես, պատրաստ են վերսկսել շփումները, քանի որ Թրամփը հայտարարել է, թե քայլեր կձեռնարկի դադարեցնելու պատերազմը իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում։ Պուտինը արձագանքել է, թե պատրաստ է հանձնարարել սկսել աշխատանքը բանակցությունների ուղղությամբ։

Մյուս կողմից, զոհվածների թվի շարունակական աճը և օրեցօր բարդացող տնտեսական խնդիրները շատ ռուսաստանցիների ստիպում է մտածել պատերազմն ավարտի մասին։

Կրեմլը, սակայն, չի հրաժարվում իր դիրքորոշումից՝ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։

«Մոսկվայի համար գլխավորն այն է, որ Ուկրաինան չընդունվի ՆԱՏՕ-ի կողմից և չստանա ռազմական աջակցություն Արևմուտքից»,- ասում է Riddle Russia հետազոտական կազմակերպության ղեկավար Անտոն Բարբաշինը։

Մոսկվայի բնակիչների շրջանում տարբեր մոտեցումներ են, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրել ուկրաինական պատերազմի առնչությամբ։

ՏՏ ոլորտի երիտասարդ մի աշխատակից ասում է. «Ամեն ինչ կախված է մեր նախագահից, բայց ես վստահ չեմ, որ նրա որոշումներն արտացոլում են իրականությունը»։

Թոշակառու վարորդը հուսով է, որ «հիմա, գոնե քաղաքական առումով, ամեն ինչ կբարելավվի»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Դոնալդ Թրամփը օրերս սպառնաց նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ռուսական կողմը ընդառաջա չգնա բանակցություններին։ Սակայն տակավին անորոշ է, թե երբ կարող է մեկնարկել բանակցությունների փուլը։

XS
SM
MD
LG