Ավելի քան 30 տարի Բելառուսը ղեկավարող, առաջին ու անփոփոխ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ժպտացող դեմքը կիրակի օրը հայտնվել էր Բելառուսի նախընտրական պաստառների վրա: Այդ օրը երկրում նախագահական ընտրություններ էին, որոնք, անկասկած, պետք է երաշխավորին 70-ամյա բռնապետին նախագահության ևս մեկ ժամկետ:
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայն՝ Լուկաշենկոն, բնականաբար, «հաղթել է ընտրություններում»՝ հավաքելով ձայների գրեթե 87%-ը:
Սակայն նրա քաղաքական հակառակորդները, որոնցից շատերը բանտարկված են կամ աքսորված երկրից՝ այլակարծության և ազատ խոսքի դեմ Լուկաշենկոյի ռեժիմի ճնշումների պատճառով, չեն ընդունում արդյունքները: Նրանք ընտրությունները անվանում են կեղծիք՝ նման 2020 թվականի ընտրություններին, որոնք հանգեցրեցին 9 միլիոնանոց երկրի պատմության ընթացքում աննախադեպ բողոքի ցույցերի:
Այդ բողոքի ակցիաների ընթացքում, ըստ տարբեր տվյալների, ձերբակալվել է ավելի քան 65 հազար մարդ, հազարավորները ծեծի են ենթարկվել։ Արևմուտքը դատապարտել է տեղի ունեցածը և պատժամիջոցների սահմանել Լուկաշենկոյի վարչախմբի նկատմամբ։
1994 թվականից ի վեր Լուկաշենկոյի միահեծան կառավարումը նրան «Եվրոպայի վերջին բռնապետ» կոչմանն արժանացրեց: Գաղտնիք չէ, որ նա պահպանում է իշխանությունը՝ հենվելով Ռուսաստանի սուբսիդիաների և քաղաքական աջակցության վրա:
2022 թվականին նա թույլ տվեց Կրեմլին օգտագործել Բելառուսի տարածքը՝ Ուկրաինա ներխուժելու համար և նույնիսկ հավանություն տվեց, որ իր երկրում տեղակայվի Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքը:
Այս ամենի ֆոնին, սակայն, Լուկաշենկոն իր քարոզարշավը կառուցում էր «Խաղաղություն և անվտանգություն» կարգախոսի ներքո՝ պնդելով, որ իրեն հաջողվել է Բելառուսը հեռու պահել պատերազմից:
«Ավելի լավ է Բելառուսի նման բռնապետություն ունենալ, քան Ուկրաինայի նման ժողովրդավարություն»,- ասում էր Լուկաշենկոն։
Մտավախություն կար, որ 2020 թվականը կարող է կրկնվել
Ընտրություններին հաջորդած հուզումների կրկնությունից վախենալով՝ Լուկաշենկոյի հույսը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունն էր։ Պակաս չի իշխում նաև Կրեմլի տիրակալը՝ քառորդ դար, և Պուտինի աջակցությունն էր, որ մեծապես օգնեց Լուկաշենկոյին վերապրել 2020 թվականի բողոքի ալիքը։
Դիտորդների կարծիքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ակնհայտորեն մտահոգված էր երկրում իր դեմ բողոքի զանգվածային ակցիաների կրկնությունից՝ Բելառուսում առկա տնտեսական խնդիրների և Ուկրաինայում չմարող պատերազմի ֆոնին։ Ուստի, որոշեց քվեարկությունն անցկացնել ցուրտ հունվարին, երբ համեմատաբար քչերը կհամարձակվեին նորից դուրս գալ փողոցներ, այլ ոչ թե տաք օգոստոսին, ինչպես նախորդ անգամ։
Նրա հետ մրցող ընդդիմության ներկայացուցիչները, մեղմ ասած, խորհրդանշանական դեր կատարեցին։
Երկուշաբթի վաղ առավոտյան հրապարակված պաշտոնական արդյունքների համաձայն՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 86.82%-ը։ Մոտակա մրցակիցը ստացել էր ընդամենը 3.21%։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների 3.6%-ը փչացրել է քվեաթերթիկները։
2020 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, Լուկաշենկոն հավաքել էր ձայների 80.1%-ը։
«2020 թվականի բողոքի ցույցերի թողած հետքն այնքան խորն էր, որ Լուկաշենկոն այս անգամ որոշեց ռիսկի չդիմել և ընտրեց ամենահուսալի տարբերակը, երբ քվեարկությունն ավելի շատ նման է իշխանությունը պահպանելու հատուկ գործողության, քան ընտրությունների»,- ասում է բելառուս քաղաքական վերլուծաբան Վալերի Կարբալևիչը։
Հայտնի է նաև Լուկաշենկոյի խոսքերը, թե իբր կառչած չէ իշխանությունից և «հանգիստ այն կհանձնի նոր սերնդին»։
Նրա 20-ամյա որդին՝ Նիկոլայը, նախընտրական միջոցառումների ժամանակ ակտիվորեն հանդես էր գալիս հանրության առջև՝ ստորագրություններ բաժանելով և դաշնամուր նվագելով։
Թեև Բելառուսի բռնապետի առղջական վիճակի մասին ստույգ տեղեկություններ չկան, սակայն նրան բազմիցս են տեսել, որ դժվարությամբ է քայլում և երբեմն խոսում է խռպոտ ձայնով։
«Ժառանգորդի խնդիրը դառնում է արդիական միայն այն ժամանակ, երբ ղեկավարը պատրաստվում է հեռանալ պաշտոնից։ Բայց Լուկաշենկոն չի պատրաստվում հեռանալ»,- ասում է Կարբալևիչը։
Լուկաշենկոյի քաղաքական հակառակորդները բանտարկված են կամ աքսորված
Բելառուսի բռնապետի քաղաքական հակառակորդները արտերկրում են կամ ճաղերի հետևում։ Երկրում առկա են մոտ 1,300 քաղբանտարկյալներ, այդ թվում՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բիալյացկին՝ «Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրը։
Անցած տարվա հուլիսից Լուկաշենկոն ներում է շնորհել ավելի քան 250 մարդու։ Բայց զուգահեռաբար՝ իշխանությունները շարունակում են արմատախիլ անել այլախոհությունը՝ ձերբակալելով նորանոր մարդկանց, այդ թվում՝ քաղբանտարկյալների հարազատներին և ընկերներին։
Միայն անցյալ ամիս Բելառուսի իշխանությունները ձերբակալել են 188 մարդու՝ հայտնում է «Վիասնան»։
Իրավապաշտպանները նշում են, որ ակտիվիստներին և նրանց, ովքեր գումար են նվիրաբերել ընդդիմադիր խմբերին, կանչել են ոստիկանություն և ստիպել ստորագրել թղթեր, ըստ որոնց՝ նրանք զգուշացվել են, որպեսզի չմասնակցեն «չարտոնված ցույցերին»։
Նախագահական «ընտրությունների» քվեաթերթիկում Լուկաշենկոյի չորս մրցակիցները՝ բոլորն էլ, իրականում, նրա կողմնակիցներն էին։
«Մրցավազքի մեջ եմ մտնում ոչ թե [Լուկաշենկոյի] դեմ, այլ Լուկաշենկոյի հետ միասին և պատրաստ եմ ծառայել որպես նրա ավանգարդ»,- ասել է Բելառուսի Կոմունիստական կուսակցության թեկնածու Սերգեյ Սիրանկովը, ով զբաղեցրել է երկրորդ տեղը։
Նա կողմ է LGBTQ+ քրեականացմանը և խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի հուշարձանների վերականգնմանը։
Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցության ղեկավար Ալեքսանդր Խիժնյակը 2020 թվականին Մինսկում ղեկավարել էր ընտրական տեղամասը և այս անգամ խոստացել էր կանխել «[2020 թվականի] անկարգությունների կրկնությունը»։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Օլեգ Գայդուկևիչը 2020 թվականին սատարել է Լուկաշենկոյին` հայտարարելով, թե «սրտխառնոց ունի Լուկաշենկոյի հակառակորդներից»։
Չորրորդ մրցակիցը՝ Հաննա Կանապացկայան, 2020 թվականին հավաքել էր ձայների 1.7%-ը, և ասում է, թե ինքը Լուկաշենկոյի միակ ժողովրդավարական այլընտրանքն է։ Նա խոստացել է աշխատանք տանել քաղբանտարկյալների ազատ արձակման համար, սակայն կողմնակիցներին զգուշացրել է «չափից դուրս նախաձեռնություն չցուցաբերել»։
Ընդդիմության առաջնորդն ընտրություններն անվանել է «անմիտ ֆարս».
Բելառուսական ընդդիմության վտարանդի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, ով 2020 թվականին Լուկաշենկոյին մարտահրավեր նետելուց հետո հարկադրաբար հեռացել է Բելառուսից՝ իշխանությունների ճնշման պատճառով, Associated Press-ին ասել է, թե կիրակի կայացած ընտրությունները «անիմաստ ֆարս էին և Լուկաշենկոյի կողմից իրականացված ծես»։
«Ընտրողները պետք է բոլորին ջնջեին քվեաթերթիկում։ Աշխարհի առաջնորդները չպետք է ճանաչեն [այդ «ընտրությունների»] արդյունքները, որոնք գրանցվել են մի երկրում, որտեղ անկախ լրատվամիջոցներն ու ընդդիմադիր կուսակցությունները ոչնչացվել են, իսկ բանտերը լցված են քաղբանտարկյալներով»,- ասել է նա։
Եվրամիությունը հրաժարվել է ճանաչել Բելառուսում կիրակի կայացած ընտրությունները՝ համարելով դրանք ոչ լեգիտիմ և խոստանալով կիրառել նոր պատժամիջոցներ։
«Բելառուսում այսօրվա կեղծ ընտրությունները ո՛չ ազատ են եղել, ո՛չ արդար»,– ասված է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասի ու ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի համատեղ հայտարարությունում։
Կիրակի՝ Մինսկում քվեարկելուց հետո, իր սպիտակ պոմերանյան շան ուղեկցությամբ, Լուկաշենկոն լրագրողներին փոխանցեց, թե իրեն չի հետաքրքրում՝ արդյո՞ք ԵՄ կճանաչի ընտրությունների լեգիտիմությունը։
«Ինձ համար գլխավորն այն է, որ բելառուսները ճանաչեն այս ընտրությունները, և որ դրանք ավարտվեն խաղաղ, ինչպես սկսվեցին», – նշեց նա։
Ելույթ ունենալով մի քանի ժամ տևած ասուլիսում՝ Լուկաշենկոն հավելել է, թե չի բացառում, որ 2030 թվականին կրկին կառաջադրվի երկրի նախագահի աթոռի համար։
Այս ամենի ֆոնին՝ հայտնի դարձավ, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը Լուկաշենկոյի դեմ գանգատ է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ խոսքի ազատության դեմ նրա ռեժիմի կիրառած ճնշումների պատճառով, ինչի հետևանքով 2020 թվականից ի վեր ձերբակալվել է 397 լրագրող։ Նրանցից 43-ը, ըստ կազմակերպության, մինչ օրս բանտում են։
Լուկաշենկոյի «ընտրությունները»
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրում գրանցված են ընտրելու իրավունք ունեցող 6.8 միլիոն քաղաքացիներ։ Սակայն հայտնի է, որ մոտ 500 հազար մարդ լքել է Բելառուսը և չի կարող քվեարկել։
Տեղական ժամանակով ժամը 20:00-ին՝ ընտրատեղամասերի փակումից հետո, հանձնաժողովը արձանագրել է, թե մասնակցությունը կազմել է ռեկորդային՝ 85,7%, սակայն անկախ մշտադիտարկման բացակայությունը անհնար է դարձնում ստուգել այդ թիվը։
Ընդդիմության ներկայացմամբ՝ անցած երեքշաբթի մեկնարկած վաղաժամ քվեարկությունը, որը տևել է հինգ օր, «պարարտ հող է ստեղծել խախտումների համար», քանի որ «քվեատուփերը չեն պահպանվել մինչև ընտրությունների օրը»։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրողների զգալի մասը՝ 41.81%-ը քվեարկել է հենց այդ ընթացքում։
Զուգահեռաբար՝ «Վիասնայի» ակտիվիստները հայտնել են երկրում համացանցի խնդիրների մասին՝ պնդելով, թե «Լուկաշենկոյի կառավարությունն արգելափակել է մուտքը VPN ծառայություններ», որոնք սովորաբար օգտագործվում են գրաքննությունից խուսափելու համար։
Ընտրատեղամասերում հանել են քվեատուփերը ծածկող վարագույրները, և «ընտրողներին արգելվել է լուսանկարել իրենց քվեաթերթիկները», ինչը պատասխան էր 2020 թվականին արված ընդդիմության կոչին, թե ընտրողները կարող են նկարել քվեաթերթիկները դժվարացնելու ընտրակեղծիքները։
Ընտրություններից առաջ ոստիկանությունը լայնածավալ զորավարժություններ էր անցկացնում։ Ներքին գործերի նախարարության հրապարակած տեսանյութերում երևում էր սաղավարտներով ոստիկանների գործողությունները, որոնք մահակներով ծեծում իրենց վահանները՝ նման կերպ ազդարարելով, թե պատրաստվում են ցրել բողոքի հնարավոր ակցիաները։ Մեկ այլ տեսանյութում ոստիկանը ձերբակալում է մի տղամարդու, ով ներկայացել էր որպես ընտրող, ոլորելով նրա ձեռքը հենց քվեատուփի մոտ։