Փաշինյանը հեռավար ձևաչափով՝ տեսակապով, նախագահեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
«Հայաստանը նախագահող երկիրն էր և կատարեց իր պատականությունը, բայց և այնպես հայկական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նիստին ներկա էր, մասնակցեց և ստորագրեց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը, որը քովիդը պատրվակ է համարում՝ չմեկնելու Սանկտ Պետերբուրգ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բարդ անձնային փոխհարաբերություններն են հիմնական պատճառը, որ Փաշինյանը չմեկնեց նիստի՝ ենթադրում է քաղաքագետը։
Այդ բարդությունն, իհարկե, նկատելի դարձավ անգամ տեսակապով շփման ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայկական պատվիրակությունը կմասնակցի հեռավար ձևաչափով։ Նման որոշումը պարզաբանել Փաշինյանը չցանկացավ՝ նշելով, որ այդ թեմայով ինքն արդեն հայտարարություն արել է, որն ուժի մեջ է։
Քաղաքագետ Քեռյանը հիշեցնում է՝ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ չի պատրաստվում երբևէ մեկնել Բելառուս, քանի դեռ այդ երկիրը նախագահում է Լուկաշենկոն, և հարաբերությունների լարումը սկսվեց այն բանից հետո, երբ Բելառուսի բռնապետը Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ անվանեց «ազատագրական պատերազմ»։
Ի պատասխան՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերին, թե կդիտարկեն մայիսին Հայաստանի հեռավար մասնակցության հարցը, Փաշինյանը ընդգծեց, որ դիտարկելու կարիք չկա, քանզի իր հայտարարությունը ենթակա չէ քննարկման։
Բանավեճի այս հատվածի տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով՝ Հայաստանի վարչապետը գրառում է կատարել․ «ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի»։
«Այս հավաքներում Հայաստանն օտար մարմին է։ Լինել այնտեղ ամենևին ցանկալի չէ և պարտադիր չէ։ Երեկվա նիստը հենց այդ երկատվածության դրսևորումն էր։ Հայաստանն այնտեղ մի օտար մարմին է, մի շրջապատում, որը ոչինչ ընդհանուր [բան] չունի Հայաստանի հետ, սակայն Հայաստանն այդտեղ է ինչ-ինչ ինտերցիոն բնույթի հանգամանքների բերումով։ Եվ այդ իներցիան որոշ ժամանակ դեռ կշարունակվի, քանի դեռ Հայաստանը չի կառուցել իր համար այն տնտեսական այլընտրանքները, որոնք կենսականորեն անհրաժեշտ են»,- կարծիք է հայտնում քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը։
ԵԱՏՄ նիստի նախօրեին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովն էր, որն, ըստ էության, Ռուսաստանի նախագահի՝ ավանդական դարձած տարեվերջյան տոնական հանդիպումն է ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։
Այդ հավաքին ևս, փաստորեն, Հայաստանը չմասնակցեց։
Ուշագրավ է, որ չնայած նման իրավիճակին, Հայաստանի վարքագիծը սուր քննադատության չարժանացավ ռուսական կողմից, քանի որ Ռուսաստանն այս պահին խիստ զբաղված է, և Հայաստանի վարքագծին կամ հայտարարություններին արձագանքելը առաջնային չեն Կրեմլի համար՝ ասում է միջազգայնագետ Արմեն Պետրոսյանը։
Նրա խոսքերով՝ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց այսօր Մոսկվայի առջև են՝ ուկրաինական պատերազմը, իրադարձությունները Սիրիայում, օրերս կործանված ադրբեջանական ինքնաթիռը, որն ամենայն հավանականությամբ խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից, ու այս և այլ խնդիրներն այսօր շեղում են Ռուսաստանի ուշադրությունը Հայաստանից։
Հավելենք, որ Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությունն այլևս երեք դիտորդ անդամ ունի՝ Ուզբեկստանին ու Կուբային ավելացավ Իրանը, և ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում որոշում է կայացվել Թեհրանին նման կարգավիճակ շնորհել՝ տնտեսական կապերի ընդլայնման համար։