Meta ընկերությունը, որը հանդիսանում է Facebook-ի և Instagram-ի սեփականատեր, հաճախ է սուր քննադատության ենթարկվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ու պահպանողական մյուս գործիչների կողմից, որոնք տեխնոլոգիական հսկային մեղադրում էին գրաքննության մեջ:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Meta-ում ձեռնամուխ եղան շտկել հարաբերությունները Թրամփի հետ: Ընկերությունն անգամ 1 միլիոն դոլար է տրամադրել Դոնալդ Թրամփի երդմնակալության հիմնադրամին։
Այս շաբաթ Meta-ի գործադիր տնօրեն, սեփականատեր Մարկ Ցուկերբերգը հայտարարեց ընկերությանը պատկանող հարթակներում փոփոխությունների մասին՝ նշելով, թե արդյունքում՝ Facebook-ում և Meta-ի այլ հարթակներում հնարավոր կլինի հանդիպել կարծիքների ավելի լայն շրջանակի:
«Ժամանակն է վերադառնալ մեր արմատներին՝ Facebook-ում և Instagram-ում ազատ արտահայտվելու հարցում»,- ասել է Ցուկերբերգը:
Թրամփը ողջունել է Meta-ի հայտարարությունը:
«Անկեղծ ասած, կարծում եմ, որ նրանք ճիշտ ուղու վրա են»,- ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը:
ԱՄՆ-ում Facebook-ը կդադարի կիրառել, այսպես կոչված, երրորդ կողմից իրականացվող փաստերի ստուգման մեխանիզմը, երբ փաստեր ստուգող որևէ արտոնագրված կազմակերպություն կարող է ստուգել տվյալ հրապարակման իսկությունը ու հայտնաբերելով, որ այն կեղծ է՝ պիտակավորել այդ հրապարկումը, ինչի հետևանքով դրա տարածումը սոցհարթակում կսահմանափակվի։
Meta-ն նաև հանելու է սահմանափակումները այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են ներգաղթն ու գենդերային ինքնությունը:
Առաջարկվող փոփոխությունները, սակայն, տարբեր արձագանքների է արժանացել։
«Հավանաբար, այն վնասակար հետևանքներ կունենա: Արդեն գիտենք, որ կանայք, ԼԳԲՏ+ համայնքները, փոքրամասնությունները, ինչպես նաև այլ խմբեր, ինչպիսիք են կլիմայի հարցերով գիտնականներն ու ակտիվիստները, համացանցում բախվում են խտրականության, ատելության և հարձակումների»,- ասում է Global Witness կազմակերպության ներկայացուցիչ Ավա Լին:
Ինչևէ, Ցուկերբերգի խոսքերը վերստին սեղանին են դրել քննարկումը, թե արդյոք տեխնոլոգիական հսկաները պետք է վերահսկեն առցանց բովանդակությունը:
«Այնպիսի բազմազանություն կամ ազատություն, որ դուք այժմ նկատում եք այս հարթակներում, հատկապես Meta-ում, իր թիկունքում չունի որևէ պաշտպանություն»,- ասում է The Heritage Foundation-ի վերլուծաբան Դենիել Քոքրեյնը:
Ցուկերբերգն ընդգծել է, որ կաշխատի Թրամփի վարչակազմի հետ՝ հանուն ազատորեն արտահայտվելու հանընդհանուր իրավունքի:
«Պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի հետ՝ այլ [երկրների] կառավարություններին հակազդելու համար»,- ասել է Մարկ Ցուկերբերգը:
Դիտորդների խոսքով՝ Թրամփի վարչակազմի հետ համագործակցությունը կարող է օգնել տեխնոլոգիական արդյունաբերության հսկաներին նրանց երկարաժամկետ նպատակների իրականացման հարցում, օրինակ՝ մուտք գործել չինական շուկա:
«Այն կօգնի իրենց ամուր դիրքավորվել աշխարհաքաղաքական երկարաժամկետ պայքարում»,- ասում է Սենթ Ջոնսի համալսարանի իրավաբանական դպրոցի իրավագիտության պրոֆեսոր Քեյթ Քլոնիկը:
Ակնկալվում է, որ Facebook-ը հայտարարված փոփոխությունները կսկսի կիրառել առաջիկա շաբաթներին:
Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայնից» Միշել Քվինի նյութի հիման վրա