Մատչելի հղումներ

Թրամփը ԱՄՆ Գերագույն դատարանին խնդրել է հետաձգել ընտրություններին միջամտելու վերաբերյալ իր գործի քննությունը


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահը պնդում է, թե պաշտոնավարման ընթացքում կատարած գործողությունների համար չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։

Դոնալդ Թրամփը երկուշաբթի խնդրել է ԱՄՆ Գերագույն դատարանին կասեցնել ստորին ատյանի դատարանի որոշումը, որը մերժել է ընդունել նրա հայցը՝ իր անձեռնմխելիության մասին:

Թրամփի փաստաբանները երկուշաբթի բողոք են ներկայացրել երկրի Գերագույն դատարան՝ ընդամենը չորս օր անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների բարձրագույն դատական ատյանի անդամները ձեռնամուխ եղան Թրամփի մեկ այլ գանգատի դիտարկմանը, որի նպատակն է վիճարկել Կոլորադո նահագնի Գերագույն դատարանի որոշումը՝ նրա անունը հեռացնել առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակից:

Նահանգի դատավորները հիմք էին ընդունել Թրամփի ջանքերը՝ չեղարկել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, և վկայակոչել են ԱՄՆ Սահմանադրությունը, որն արգելում է «ապստամբության կամ խռովության մեջ» ներգրավված անձանց պետական պաշտոններ զբաղեցնել:

Կախված ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից՝ պարզ կդառնա, թե արդյոք հանրապետականների նախագահի թեկնածուն կկանգնի դատարանի առջև մինչև այս նոյեմբերի ընտրությունները:

Ինչ վերաբերում է 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները Թրամփի կողմից չեղարկելու դատավարությանը, ապա ժամկետ դեռ որոշված չէ, սակայն հատուկ դատախազ Ջեք Սմիթի թիմը պնդում է, որ դատավարությունը տեղի կունենա այս տարի։ Գաղտնիք չէ, որ Դոնալդ Թրամփը բազմիցս փորձել է հետաձգել գործի դատաքննություն, և դիտորդները մտահոգված են, եթե Թրամփը հաղթի գալիք նախագահական ընտրություններում, կարող է փորձել օգտագործել գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը՝ գլխավոր դատախազին կարգադրելով դադարեցնել իր դեմ նախաձեռնած դաշնային գործերը:

Դոնալդ Թրամփը ԱՄՆ պատմության ընթացքում երկրի նախագահի առաջին թեկնածուն է, ով առաջադրվել է, չնայած դատարաններում իր դեմ առկա բազմաթիվ քրեական ու քաղաքացիական գործերին:

Չորս քրեական գործերով նրան ներկայացվել է 91 մեղադրանք, այդ թվում՝ Սպիտակ տնից գաղտնի փաստաթղթեր տանելու և 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու անօրինական փորձի հատկանիշներով։

Այս ամսվա սկզբին դաշնային վերաքննիչ դատարանը որոշեց, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը չի կարող անձեռնմխելիություն ունենալ այդ գործերով:

Վերաքննիչի դատավորների ներկայացմամբ, Թրամփի պնդումը, թե նա անձեռնմխելի կարգավիճակ ունի այն գործողությունների համար, որ կատարել է նախագահի պաշտոնում, «չի հաստատվում որևէ նախադեպով, պատմությամբ կամ Սահմանադրության տեքստով ու կառուցվածքով»:

Այդուհանդերձ, Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ նախագահը պետք է լիարժեք իրավական անձեռնմխելիություն ունենա, որպեսզի կարողանա կատարել իր պարտականությունները՝ առանց «վրեժխնդրության» վախի։ Սակայն վերաքննիչ դատական ատյանը պնդում՝ նախագահի անձեռնմխելիությունը դատական և օրենսդիր իշխանությունների «հասանելիությունից դուրս» դնելը կհանգեցնի «տարանջատված իշխանություն ունեցող մեր համակարգի փլուզմանը»:

Այժմ ԱՄՆ Գերագույն դատարանի ինը դատավորները պետք է որոշեն՝ ընդունե՞լ Թրամփի գանգատը քննարկման, թե՞ մերժել այն՝ ուժի մեջ թողնելով ստորադաս դատարանի որոշումը։ Նախկինում Գերագույն դատարանը որոշում էր կայացրել, թե ԱՄՆ նախագահներն անձեռնմխելիություն ունեն իրենց պաշտոնավարման ընթացքում ծագած քաղաքացիական հայցերից, և Թրամփի փաստաբաններն ամիսներ շարունակ պնդում էին, որ այդ անձեռմխելիությունը պետք է տարածվի քրեական մեղադրանքների վրա:

Անցած շաբաթ երկու դատավորներից կազմված հանձնաժողովը, որոնցից մեկին նշանակել է նախագահ Ջո Բայդենը, մյուսին՝ ԱՄՆ հանրապետական նախագահը, մերժեց Դոնալդ Թրամփի պնդումն այն մասին, որ նախկին նախագահները բացարձակ անձեռնմխելիություն ունեն իրենց պաշտոնավարման ժամանակ իրականացված գործողությունների համար:

Անցած տարվա դեկտեմբերից ի վեր երկրորդ անգամն է, երբ դատավորները որոշում են կայացրել, որ Թրամփը կարող է պատասխանատվության ենթարկվել իր պաշտոնավարման ժամանակ իրականացված գործողությունների, այդ թվում՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի դեպքերի համար:

XS
SM
MD
LG