Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահն ու Եվրոպական խորհրդի ղեկավարը արձագանքել են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թրամփի հայտարարությանը


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրոպական խորհրդի ղեկավարը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ու Եվրամիության այլ պաշտոնյաներ քննադատել են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի մասին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

Հարավային Կարոլինայում նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփը հայտարարել է, թե չի պաշտպանի ՆԱՏՕ-ի այն երկրներին, որոնք չեն կատարում դաշինքի նկատմամբ իրենց ֆինանսական պարտավորությունները։

Թրամփը հիշատակել է մի դեպք, երբ ՆԱՏՕ-ի անդամ-երկրներից մեկի նախագահը հարցրել է, թե արդյոք Միացյալ Նահանգները կպաշտպանի նման երկրի ռուսական հարձակումից, եթե այն չի կատարել իր պարտավորությունները դաշինքի նկատմամբ։

«Ո՛չ։ Ձեզ չեմ պաշտպանի։ Նույնիսկ կխրախուսեմ նրանց անել այն, ինչ ցանկանում են․․․։ Գրողը տանի»,- շաբաթ օրը հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Նախագահ Բայդենն իր նախորդի հայտարարությունն անվանել է «սարսափելի և վտանգավոր»։

«Միացյալ Նահանգները մեր դաշնակիցների հետ ուս ուսի ստեղծել են ՆԱՏՕ-ն, որն ավելի մեծ է և զորեղ, քան երբևէ [եղած դաշինքները]՝ պաշտպանելով ժողովրդավարությունը Վլադիմիր Պուտինի ավտորիտար ագրեսիայից»,- կիրակի ասել է ԱՄՆ նախագահը։

«Ամերիկայի առաջնորդությունը գլոբալ հարթակներում և մեր դաշնակիցների աջակցությունը չափազանց կարևոր են մեր ժողովրդին անվտանգ պահելու համար», - հավելել է Բայդենը:

Իր հերթին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն նշել է, որ «ցանկացած ակնարկ, թե դաշնակիցները միմյանց չեն պաշտպանի, վնասում է մեր բոլորի, ներառյալ՝ Միացյալ Նահանգների անվտանգությանը»:

«ՆԱՏՕ-ի վրա ցանկացած հարձակում միասնական և հզոր պատասխան կստանա»,- ընդգծել է Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ի անվտանգության և 5-րդ հոդվածի վերաբերյալ չմտածված հայտարարությունները բացառապես ծառայում են Պուտինի շահերին»,- «Reuters»-ը մեջբերում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքերը:

Դոնալդ Թրամփը զերծ է մնացել հավելյալ մեկնաբանություններից։

XS
SM
MD
LG