Մատչելի հղումներ

 
Բալթյան երկրները ռուսական էներգահամակարգից կանջատվեն 2025 թվականի սկզբին

Բալթյան երկրները ռուսական էներգահամակարգից կանջատվեն 2025 թվականի սկզբին


Էստոնիայի վարչապետ Կայա Կալլաս
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլաս

Ըստ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի, ավելի վաղ այդ քայլին դիմելու լիտվական և լատվիական կողմերի կոչերն անընդունելի են Էստոնիայի համար, որն իր վրա կվերցնի ծախսերի մեծ մասը:

Բալթյան երկրները մտադիր են անջատվել ռուսական էներգահամակարգից 2025 թվականի սկզբին, չնայած Լիտվայի՝ ավելի վաղ այդ քայլին դիմելու կոչերին, Reuters-ին տված հարցազրույցում ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։

Լիտվան կողմ է 2024 թվականի սկզբին ռուսական էներգամատակարարման համակարգից անջատվելուն` ընդգծելով, որ ագրեսորը Ռուսաստանն է։ Սակայն Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը Reuters-ին ասել է, որ դա ընդունելի չէ Էստոնիայի համար, որն այս դեպքում իր վրա կվերցնի ծախսերի մեծ մասը։

«Որպես փոխզիջում մենք համաձայնեցրել ենք մոտեցնել այս ժամանակահատվածը մեկ տարով։ Այսինքն՝ կանջատվենք [ռուսական էլեկտրացանցից] 2025 թվականի սկզբին»,- ասել է Կալլասը` ելույթ ունենալով անցյալ շաբաթ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Երկուշաբթի օրը պետական ռադիոյին տված հարցազրույցում Լիտվայի Litgrid էլեկտրաէներգետիկ ընկերության ղեկավար Ռոկաս Մասիուլիսն ասել է, որ պատրաստվում է շարունակել պնդել Էստոնիային և Լատվիային այս քայլին ավելի վաղ դիմելու գաղափարին, բայց պարտավորվում է հետևել Էստոնիայի առաջարկած ժամանակացույցին:

«Մենք կախված ենք Էստոնիայից, և եթե նա չփոխի իր կարծիքը, ապա, ցավոք, դա տեղի կունենա իր ժամանակացույցի համաձայն (2025 թվականի սկզբին)»,- ասել է նա։

«Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, որտեղ մարդիկ են զոհվում, և շարունակվում են ռմբակոծությունները: Ես չեմ կարծում, որ ագրեսորի հետ համագործակցությունը միայն այն պատճառով, որ դա մի քանի ցենտ է խնայում, ճիշտ ընտրություն է», - բացատրել է Մասիուլիսը:

2018 թվականին ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Լեհաստանի և Եվրահանձնաժողովի աջակցությամբ և 1,6 միլիարդ եվրոյի եվրոպական ֆինանսավորմամբ, երկրները համաձայնեցին արդիականացնել իրենց ենթակառուցվածքները և անջատեվլ ռուսական ցանցից մինչև 2025 թվականը:

XS
SM
MD
LG