Մատչելի հղումներ

‘’Հյուսիսային հոսք 1’’-ի գործարկման դադարեցման հնարավորությունը մտահոգում է Եվրոպային


Հսկա ‘’Հյուսիսային հոսք 1’’ անվանումը կրող խողովակաշարը, որը ռուսական գազը տեղափոխում է Գերմանիա, երկուշաբթի օրը դադարեցնում է վառելիքի արտամղման աշխատանքները` պատճառաբանելով, որ անցկացվելու են ամենամյա տեխնիկական ստուգումներ: Ակնկալվում է, որ գազի մղման աշխատանքները կդադարեցվեն տասը օրով, սակայն մի շարք երկրների կառավարություններ եւ ընկերություններ ունեն մտավախություն, որ դադարեցումը կարող է երկարաձգվել Ուկրաինայի պատերազմի պատճառով:

«Հյուսիսային հոսք 1» գազատարը Ռուսաստանից տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ է մղում Բալթիկ ծովի հատակով դեպի Գերմանիա:

Հունիսին Ռուսաստանը գազամատակարարումը կրճատել էր 40 տոկոսով` պատճառաբանելով Կանադայից գերմանական ‘’Զիմենս’’ ընկերության սարքարովումների մատակարարման ուշացումը: Կանադան շաբաթավերջին հայտարարեց, որ շուտով կառաքի վերանորոգված տուրբինը՝ միաժամանակ նշելով, որ ընդլայնելու է պատժամիջոցները ռուսական էներգետիկ հատվածի դեմ։

Եվրոպան մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է երկարաձգել պլանային տեխստուգումները, որպեսզի դեպի Եվրոպա առաքվող գազի մատակարարումների կրճատումը մինչեւ ձմեռ չտա գազի պահեստները լցնելու հնարավորություն: Ռուսաստանը հույս ունի, որ այսպիսով ավելի կբարձրանա գազի գինը:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը հայտարարել է, որ իր երկիրը պետք է հաշվի առնի այն հնարավորությունը, որ Ռուսաստանը կդադարեցնի գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1»-ով նախատեսված պահպանման ժամկետի ավարտից հետո։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այն պնդումները, թե Ռուսաստանը նավթը և գազն օգտագործում է քաղաքական ճնշում գործադրելու համար։ Նա ընդգծել է, որ սպասարկումը նախատեսված է, և «ոչ ոք նոր վերանորոգում չի հորինել»։

Կան նաև այլ խոշոր գազատարներ Ռուսաստանից դեպի Եվրոպա, բայց դրանցով գազի հոսքը աստիճանաբար նվազում է, հատկապես այն բանից հետո, երբ Ուկրաինան մայիսին կտրեց գազի տարանցման ուղիներից մեկը՝ օկուպացիոն ռուսական ուժերին մեղադրելով միջամտության մեջ:

Բեռլինը նախաշզգուշացրել է Ռուսաստանից գազի հոսքը դադարեցվելու դեպքում տնտեսական անկման հնարաովորության մասին: Բավարիայի առևտրային VBW ընկերակցության գնահատականներով, դրա տնտեսական ծախսերը տարվա երկրորդ կիսամյակում կարող են կազմել 193 միլիարդ եվրո։

«Ռուսական գազի ներմուծման կտրուկ դադարեցումը զգալի ազդեցություն կունենա նաև գերմանական աշխատուժի վրա… Այն կազդի շուրջ 5,6 միլիոն աշխատատեղերի վրա», - ասել է VBW-ի գործադիր տնօրեն Բերթրամ Բրոսսարդը:

«Եթե «Հյուսիսային հոսքը» փակվի կամ Գերմանիան զրկվի ռուսական գազի ամբողջ մատակարարումից, այն իր վրա կզգա ամբողջ հյուսիսարևմտյան Եվրոպան», - ասել է Նիդեռլանդների էներգետիկայի նախարար Ռոբ Ջեթենը:

''Ռոյթերս''

XS
SM
MD
LG