Մատչելի հղումներ

Բաքուն ու Երևանը երրորդ օրն է շարունակում են բանակցել Վաշինգտոնում


Արդեն երրորդ օրն է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները բանակցում են Վաշինգտոնում: Բանակցությունների ընթացքի մասին տեղեկությունը սահմանափակ է, իսկ վերլուծաբանները հույս են հայտնում, որ դրանք չեն տապալվի

ԱՄՆ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելուն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը՝ մայիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի մասին հարցին: Պետքարտուղարոթյան ներկայացուցիչը շեշտում է՝ ուղիղ երկխոսությունն առանցքային է կայուն խաղաղությանը հասնելու համար, որն ըստ նրա՝ հնարավոր է այս երկու պետությունների միջև։

Փոխխոսնակը հրաժարվել է որևէ այլ տեղեկություն տրամադրել այս առիթով՝ հաշվի առնելով, որ բանակցությունները ընթացքի մեջ են, սակայն ընդգծել միայն, որ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում է խորապես ներգրավված լինել գործընթացում:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է Վաշինգտոնում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցությունները, որոնք շարունակվել են նաև այսօր: Որոշ աղբյուրների համաձայն, դրանք կամփոփվեն վաղը մայիսի 4-ին, որի ձևաչափի մասին դեռևս չկա վերջնական տեղեկատվություն: Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ չի բացառվում, որ արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի վաղվա ամփոփիչ բանակցություններին մասնակցի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների երրորդ օրը. ինչ հույսեր և սպասումներ են առկա գործընթացից
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00

Իսկ այսօր՝ մայիսի 3-ին, Վաշինգտոնում կայացել է եռակողմ հանդիպում արտգործնախարարներ Միրզոյանի, Բայրամովի ու Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև:

Ջեյք Սալիվանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր եռակողմ հանդիպմանը ու ողջունել Երևանի ու Բաքվի արձանագրած առաջընթացը բանակցություններում: Իր գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ուրախ էի այսօր Սպիտակ տանը հյուրընկալել արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրն առանցքային դեր ունի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորությունների ստեղծման համար», ասված է Սալիվանի գրառման մեջ:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Ցեկուտան մեծ հույսեր է կապում այս բանակցությունների հետ:

«Երկար ժամանակ հույսեր կային այս գործընթացում ԱՄՆ պետքարտուղարի անձնական ներգրավվածության վերաբերյալ, ինչը պետքարտուղար Բլինքենն իրականցրեց և իրականացնում է հենց այս պահին: Ուստի գտնում եմ, որ այս բանակցությունները կարող են առաջ շարժվել, և հսկայական նշանակություն ունենան ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրոպայի համար: Սա իսկապես շատ կարևոր է»,- ասում է նա:

Նախկին դիվանագետը կարևորում է, որ ձեռք բերված համաձայնությունները ընդունելի լինեն ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համար:

«Կարևոր կետերից մեկն այն է, որ երկու երկրներում էլ մարդիկ իրենց զգան ապահով և անվտանգ: Խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև 30 տարուց ավել հակամարտության մասին է։ Խաղաղության համաձայնագիրը կարևոր և վճռորոշ քայլ է, բայց իրականում խաղաղություն հաստատելու համար մի փոքր ավելին կպահանջվի: Երկու կողմերի միջև վստահություն ձևավորելու համար անհրաժեշտ է ժամանակ»,- ասում է նա:

Իր հերթին վերլուծաբան Փոլ Գոբլը լավատեսորեն է տրամադրված բանակցային գործընթացի վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, այն ընթանում է երկկողմանի, այլ ոչ թե այլ ձևաչափով: Ամենակարևորն այն է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը պատրաստ են օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև շարունակվող երկկողմանի երկխոսությանը, պնդում է Գոբլը:

«ԵՄ-ի և Միացյալ Նահանգների վերջին ժամանակների աճող միջամտության շնորհիվ գործընթացը շեղվում է արտաքին ուժերի, մասնավորապես՝ ռուսների կողմից՝ բանակցային գործընթացի արդյուքները թելադրելու հնարավորությունից: Այսպիսով, եթե այս հակամարտությունը կարգավորվի, ապա դա տեղի կունենա բացառապես ադրբեջանցիների և հայերի միջև երկխոսության շնորհիվ: Եվ դա այն է, ինչ տեղի է ունենում այժմ Վաշինգտոնում, որը դրական քայլ է առաջ»,- պնդում է Գոբլը:

Ռոբերտ Ցեկուտան էլ իր հերթին շեշտում է՝ սա մեծ հույսերի շրջան է, երբ ԱՄՆ-ը ակտիվորեն ներգրավվել է գործընթացում, սակայն չափազանց կարևոր է, ըստ նրա, որ հայերն ու ադրբեջանցիները ցուցաբերեն խաղաղությանը հասնելու հանձնառություն: Տապալումը կարող է ունենալ ծանր հետևանքեր, ընդգծում է նախկին դեսպանը՝ հույս հայտնելով, որ կողմերը կօգտվեն ընձեռված հնարավորությունից:

Նմանատիպ

XS
SM
MD
LG