Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունների շրջաններում արգելափակված խաղաղ բնակիչներին պետք է տրամադրվի անվտանգ միջանցք նրանց ցանկացած ուղղությամբ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, գրում է Ռոյթերսը:
«Կողմերը պետք է մշտապես հոգ տանեն խաղաղ բնակչությանը, նրանց տները և ենթակառուցվածքները խնայելու համար իրենց ռազմական գործողությունների ընթացքում», - ասել է Գրիֆիթսը Ուկրաինայում վատթարացող հումանիտար իրավիճակի վերանայման համար հրավիրված նիստին:
«Սա ներառում է անվտանգ միջանցք խաղաղ բնակիչների համար՝ իրենց ընտրած ուղղությամբ ակտիվ ռազմական գործողությունների գոտիները կամավոր լքելու համար», - նշել է նա:
Նրա խոսքով՝ հարձակման ենթարկված ուկրաինական քաղաքները օգնության ու դեղամիջոցների խիստ կարիք ունեն։ Դրանք ներառում են Խարկովը, Մարիուպոլը և Մելիտոպոլը:
Շրջափակված Մարիուպոլում պարբերաբար ռմբակոծության պատճառով հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց սննդի և ջրի։
Ավելի քան 1.7 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, իսկ բազմաթիվ արևմտյան ընկերություններ լքել են Ռուսաստանը: Արևմուտքը կոշտ պատժամիջոցներ է սահմանել ռուսական բանկերի և անձամբ Ռուսաստանի ղեկավարի նկատմամբ։
«Մեզ անհրաժեշտ է ուժեղ, հստակ, հրապարակային և միանշանակ ռուսական հանձնառություն՝ մարդասիրական գործընկերների անհապաղ և անխափան մուտքն Ուկրաինա թույլատրելու ու ապահովելու համար», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
Նա ընդգծել է, որ ուկրաինական քաղաքները շրջափակման և Ռուսաստանի կողմից «անողոք գնդակոծության» տակ են, հիվանդանոցներում սպառվում են դեղամիջոցների պաշարները, սպառվում է սննդամթերքը, իսկ քաղաքացիական զոհերի թիվն աճում է: