Մատչելի հղումներ

Կիևը «անբարոյական» է որակում Մոսկվայի որոշումը՝ «մարդասիրական միջանցքներ» բացել միայն դեպի Ռուսաստան և Բելառուս


Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղարն ասել է, որ Ռուսաստանը փորձում է «օգտագործել մարդկանց տառապանքը՝ հեռուստատեսային շոու ստեղծելու համար»։

Երկուշաբթի օրը Մոսկվան հայտարարեց նոր «մարդասիրական միջանցքների» մասին՝ Ռուսաստանի և նրա դաշնակից Բելառուսի տարածք ռուսական հրետակոծության տակ հայտնված ուկրաինացիներին տարհանելու համար, նշում է Ռոյթերսը: Պաշտոնական Կիևն անմիջապես դատապարտեց դա՝ այս քայլը որակելով որպես անբարոյական հնարք։

Տարհանման ուղիների մասին հայտարարությունը հնչել է երկու օր անհաջող հրադադարից հետո, որը թույլ կտա խաղաղ բնակիչներին լքել շրջափակված Մարիուպոլ քաղաքը, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ մնացել են հրետակոծությունների տակ, առանց սննդի և ջրի :

Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին նոր «միջանցքներ» պետք է բացվեին երկրի մայրաքաղաք Կիևից, արևելյան Խարկով և Սումի քաղաքներից, ինչպես նաև Մարիուպոլից, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ռուսական լրատվամիջոցների հրապարակած քարտեզների համաձայն՝ Կիևից միջանցքը տանում է դեպի Բելառուս, իսկ Խարկովից խաղաղ բնակիչներին թույլ կտան մեկնել միայն Ռուսաստան։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը կազմակերպում է նաև օդային փոխադրումներ՝ ուկրաինացիներին Կիևից Ռուսաստան տեղափոխելու համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսնակն այդ քայլն անվանել է «լիովին անբարոյական» և ասել, որ Ռուսաստանը փորձում է «օգտագործել մարդկանց տառապանքը՝ հեռուստատեսային պատկեր ստեղծելու համար»:

«Նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են, նրանք պետք է իրավունք ունենան տարհանվելու ուկրաինական տարածք», - Reuters-ին ասել է ուկրաինացի պաշտոնյան:

«Սա այն խնդիրներից է, որի պատճառով չեն գործում մարդասիրական միջանցքները։ Թվում է, թե նրանք (ռուսները) համաձայն են միջանցքների բացման հետ, բայց իրենք ցանկանում են մարդասիրական օգնություն տրամադրել հեռուստատեսությամբ այն նկարելու և այդ միջանցքները դեպի իրենց տարածք ուղղորդելու համար», - ասել է Զելենսկիի խոսնակը։

Ռուսական ներխուժումը դատապարտվել է ամբողջ աշխարհում. ավելի քան 1,5 միլիոն ուկրաինացիներ ստիպված եղան հեռանալ արտերկիր։ Արևմուտքի պատասխանը եղել է լայնածավալ պատժամիջոցներ, որոնք աննախադեպ մակարդակի մեկուսացրել են Ռուսաստանին:

XS
SM
MD
LG