Մատչելի հղումներ

Կիևում ռուսական հրթիռակոծումից հետո քանդվել է բնակելի շենքի ճակատային մասը


Հրշեջները ուրբաթ օրը փետրվարի 25-ին ժամանել են Կիևի արվարձաններից մեկում ավերված բնակելի շենքի տարածք, որը հրթիռակոծվել է գիշերվա ժամերի ընթացքում, գրում է Ռոյթերս գործակալությունը:

Ըստ գործակալության՝ ուրբաթ օրը ռուսական զորքերը հրթիռներ են արձագել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա: Ռուսական ստորաբաժանումները փորձում են առաջանալ մայրաքաղաքի ուղղությամբ, իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին կոչ է արել միջազգային հանրությանն ավելի մեծ ջանքեր գործադրել՝ ընդգծելով, որ մինչ այժմ հայտարարված պատժամիջոցները բավարար չեն:

Կիևում օդային տագնապի ազդանշանները հնչում էին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման մասին տարածվող լուրերի պայմաններում, գրում է Ռոյթերսը: Ըստ շրջանառվող տեղեկության, խոցված ինքնաթիռը բախվել է բնակելի շենքին ռուսական ներխուժման առաջին օրը:

Մոտ 100,000 մարդ հեռացել է իրենց բնակավայրերից խոշոր քաղաքներում պայթյունների և կրակոցների հետևանքով: Հաղորդումներ են գալիս տասնյակ սպանվածների մասին: Ռուսական այն ստորաբաժանումները, որոնք ներխուժել են Ուկրաինա Բելառուսից, գրավել են Չեռնոբիլի ատոմակայանն ու դրա շուրջ ընկած տարածքը, որը գտնվում է Կիևից հյուսիս ընկած շրջանում:

Ռուսաստանը հինգշաբթի օրը սկսեց իր ներխուժումը ցամաքային, օդային և ծովային ճանապարհներով՝ Պուտինի կողմից պատերազմ հայտարարելուց հետո, ինչը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ հարձակումն է եվրոպական պետության վրա, գրում է Ռոյթերսը:

XS
SM
MD
LG