Մատչելի հղումներ

Կիևը ռուսական ‘’մարդասիրական միջանցքն’’  անվանում է ‘’անբարոյական քայլ''


Երկուշաբթի օրը Մոսկվան հայտարարեց հրետակոծության վտանգի տակ գտնվող ուկրաինացիների համար դեպի Ռուսաստան եւ իր դաշնակից Բելառուս նոր «մարդասիրական միջանցքներ» բացելու որոշման մասին, ինչին հետեւեց Կիեւի հայտարարությունը, ըստ որի, սա ‘’անբարոյական հնարք է’’:

Ըստ այս որոշման, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին նոր «միջանցքներ» պետք է բացվեին երկրի մայրաքաղաք Կիևից, արևելյան Խարկով և Սումի քաղաքներից, ինչպես նաև Մարիուպոլից, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ռուսական լրատվամիջոցների հրապարակած քարտեզների համաձայն՝ Կիևից միջանցքը տանում է դեպի Բելառուս, իսկ Խարկովից խաղաղ բնակիչներին թույլ կտան միայն Ռուսաստան մեկնել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը կազմակերպում է նաև օդային փոխադրումներ՝ ուկրաինացիներին Կիևից Ռուսաստան բերելու համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսնակն այս քայլն անվանել է «լիովին անբարոյական» և ասել, որ Ռուսաստանը փորձում է «օգտագործել մարդկանց տառապանքը՝ ‘’հեռուստատեսային պատկեր’’ ստեղծելու համար»:

«Նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են, եւ պետք է իրավունք ունենան տարհանվելու ուկրաինական տարածքներ», - Reuters-ին ասել է ուկրաինացի պաշտոնյան:

Աշխարհի երկրները շարունակում են դատապարտել ռուսական ներխուժումը: Արեւմուտքը շարունակում է խստացնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Նավթի գներն ասիական շուկաներում հասել են ամենաբարձր մակարդակին՝ 2008 թվականից ի վեր, այն բանից հետո, երբ Բայդենի վարչակազմը հայտարարեց, որ ուսումնասիրում է ռուսական նավթի ներմուծման արգելքը: Ռուսաստանը ապահովում է աշխարհի մատակարարումների 7%-ը, և թեև ԱՄՆ-ը ռուսական նավթի հիմնական սպառողը չէ, նման արգելքը կարտացոլվի համաշխարհային շուկաներում։

Ուկրաինացի պաշտոնյաները Կիևի ծայրամասերում իրավիճակը «աղետալի» են որակում, երբ փողոցներում լքված ճամպրուկների կողքին փախստականների դիակներ են երևում։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը նկարագրել է իրավիճակը Կիևի Բուչա, Գոստոմել և Իրպին արվարձաններում, որտեղ բնակիչներին տարհանելու փորձերը ձախողվել են։ Իրպենի քաղաքապետ Ալեքսանդր Մարկիշինի խոսքով՝ ռուսական գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն ութ բնակիչ։

Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի վրա ռուսական հրթիռակոծության արդյունքում քաղաքացիական անձինքի են զոհվել։ Ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ հրետակոծությունն ուժեղացել է կիրակի օրը մութն ընկնելուց հետո:

Կարմիր խաչ միջազգային կոմիտեի տվյալներով՝ 200 հազար բնակիչ փորձել է հեռանալ Մարիուպոլից։ Քաղաքից հեռացած անձինք ասում են, որ 430 հազարանոց քաղաքը գրեթե ավերված է։ Մարտերի կարճատև դադարն ավարտվել է, և ռուսական ծանր հրետանին վերսկսել է հարվածները բնակելի թաղամասերի վրա:

Ռուսաստանը զգալի առաջընթաց է գրանցել Ուկրաինայի հարավում՝ փորձելով արգելափակել նրա մուտքը դեպի Ազովի ծով: Մարիուպոլի գրավումը Մոսկվային թույլ կտա ցամաքային միջանցք ստեղծել դեպի Ղրիմ, որը Ռուսաստանն իրեն էր բռնակցել դեռեւս 2014 թվականին։ Բայց ռուսական առաջխաղացման մեծ հիմնական մասը կանգ է առել: Խոսքը մասնավորապես Կիևից հյուսիս գտնվող հսկայական ռազմական շարասյան մասին է:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա կիրակի օրն ասել է, որ ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ուկրաինայի սահմանի երկայնքով տեղակայված ռուսական զորքերի մոտ 95%-ն արդեն գտնվում է երկրի ներսում: Ռուսական զորքերը շարունակում են իրենց հարձակումը՝ փորձելով շրջապատել Կիևը, Խարկովը և Չեռնիգովը, սակայն հանդիպել են ուկրաինական բանակի ուժեղ դիմադրությանը։

Զոհվածների ստույգ թիվը մնում է անհայտ։ Սակայն հաշվարկները թույլ են տալիս ասել, որ թիվը մեծ է:

Չնայած դրան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է շարունակել պայքարը՝ կոչ անելով իր ժողովրդին դուրս գալ փողոց՝ «այս չարիքը դուրս քշելու մեր քաղաքներից, մեր հողից»։ «Մարդասիրական միջանցքների փոխարեն նրանք կարող են միայն արյունոտ միջանցքներ ստեղծել», - կիրակի օրն ասել է Զելենսկին։

Զելենսկին ասել է, որ իր երկիրը երբեք չի ների անզեն մարդկանց սպանությունները և ենթակառուցվածքների ոչնչացումը: «Եվ Աստված չի ների ոչ այսօր, ոչ վաղը՝ երբեք: Եվ ներման օրվա փոխարեն կգա դատաստանի օրը։ Ես համոզված եմ սրանում»,- ասել է նա տեսաուղերձում։

Երկուշաբթի նախատեսված է նաեւ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։

XS
SM
MD
LG