Թուրքիան հերքում է զրահատեխնիկայի Իրաք մուտք գործելու հանգամանքը

Թուրքիան հերքում է զրահատեխնիկայի Իրաք մուտք գործելու հանգամանքը

Թուրքիայի զինված ուժերը հերքել են քուրդ ապստամբների դեմ իրականացվող օդային և ցամաքային գրոհի շրջանակներում Իրաքի տարածք զրահատեխնիկա ուղարկելու մասին հաղորդագրությունները:

Երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքում երեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, Թուրքիայի հրասայլերը տեղաշարժեր են կատարել երկրի տարածքի ներսում՝ Իրաքի հետ սահմանի մոտակայքում:

Հաղորդագրությունը «ստահոդ» է անվանել Իրաքի հետ սահմանը զրահատեխնիկայի հատելու մասին տարածված լուրերը:

Այս հաղորդագրությունից առաջ տարածված որոշ լուրերի համաձայն, Թուրքիայի զինված ուժերը հատել են Իրաքի հյուսիսային սահմանը՝ շարժվելով սահմանից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հաֆթանին դաշտավայրում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների ճամբարի ուղղությամբ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է երկրի գլխավոր շտաբի պետի կողմից տարածված հաղորդագրությունը՝ հերքելով և անհիմն անվանելով նաև լրատվամիջոցների կողմից տարածված այն լուրերը, որոնց համաձայն քուրդ զինյալների դեմ իրականացվող գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 1 000 զինյալ:

Թուրքիայի զինված ուժերը շաբաթ օրը հայտնել են, որ Իրաքի հետ սահմանի թուրքական հատվածում երկու օրվա ընթացքում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է քուրդ 49 զինյալ:

Հիշեցնենք, որ Թուրքիան ռազմական գործողություններ է մեկնարկել Իրաքի հյուսիսում գործող քուրդ ապստամբների դեմ` երկրի հարավ-արևմուտքում քուրդ զինյալների կողմից անցյալ ուրբաթ օրը 24 զինվորի մահվան և 18 մարդու վնասվածքների պատճառ դարձած հարձակումներ իրականացնելուց հետո:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն է համարվում Թուրքիայի, Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից: Այն քրդերով բնակեցված տարածքների ինքնավարության համար պայքար է մղում 1984 թվականից ի վեր, որին զոհ է գնացել մոտ 40 հազար մարդ: