Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր՝ Թուրքիայի հարավ-արևելքում բախումների պատճառով


Բազմաթիվ զոհեր՝ Թուրքիայի հարավ-արևելքում բախումների պատճառով

Թուրքիայի հարավ-արևելյան Հաքանի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումների պատճառով անցյալ գիշեր զոհվել է 26, վնասվածքներ ստացել՝ մոտ 20 մարդ:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, բախումները սկսվել են չորեքշաբթի ուշ գիշեր և շարունակվել են ամբողջ առավոտ:

Թուրքիայի զինված ուժերի կողմից այսօրվա կորուստները մի քանի տարվա ընթացքում մեկ օրվա մեջ տարած ամենամեծ կորուստներն են եղել:

Տարածաշրջան են անհապաղ ուղևորվել Թուրքիայի բանակի շտաբի պետը, ինչպես նաև ցամաքային ուժերի, օդուժի և նավատորմի հրամանատարները:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի ունեցած հարձակումներից հետո հետաձգել է Ղազախստան, իսկ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ Սերբիա կատարվելիք իրենց այցերը:

Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից իրականացված այս հարձակումից մի քանի օր առաջ քուրդ զինյալների կողմից Բիթլիս նահանգում իրականացված մեկ այլ հարձակման պատճառով զոհվել է ոստիկանության հինգ ծառայող և քաղաքացիական երեք անձ, որոնց թվում կար երկամյա մի երեխա:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ահաբեկչական է ճանաչված ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և Թուրքիայի կողմից:

XS
SM
MD
LG