Լիբիայի ժամանակավոր կառավարության ուժերը շարունակել են Սիրթ քաղաքի գրոհը

Լիբիայի ժամանակավոր կառավարության ուժերը շարունակել են Սիրթ քաղաքի գրոհը

Լիբիայի ժամանակավոր կառավարության ուժերը, ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռների աջակցությամբ, շարունակել են Սիրթ քաղաքի գրոհը:

Այս ընթացքում քաղաքից հեռացող հարյուրավոր քաղաքացիական անձինք ստիպված են անցնել քաղաքի շրջակայքում տեղակայված բազմաթիվ անցակետերով:

Լիբիայի ժամանակավոր կառավարության ուժերին հաջողվել է գրավել Սիրթ քաղաքի արևելքում գտնվող արվարձանները, իսկ ՆԱՏՕ-ի օդուժն արդեն երեք օր շարունակում է ռմբակոծել Քադաֆիին հավատարիմ մնացող ուժերի դիրքերը:

ՆԱՏՕ-ի համաձայն, օդային հարձակումներ են իրականացվել հրամանատարական կենտրոնի ու որպես զինամթերքի պահեստ օգտագործվող շինությունների ուղղությամբ:

Միսրաթա քաղաքի մոտակայքում Անցումային ազգային խորհրդի մարտիկները ջուր և սննդամթերք են բաժանել քաղաքից հեռացող բազմաթիվ ընտանիքներին: Խորհրդի մարտիկները համեմատում են քաղաքից հեռացող անձանց անունները Քադաֆիին հավատարիմ մնացող անձանց ցուցակի հետ: Ձերբակալվել է մի քանի մարդ:

Միսրաթայից հեռացող քաղաքացիական անձանց համաձայն, երկու կողմերի մարտիկների գործողությունները հաճախ պայմանավորված են վրիժառությամբ:

Սիրթ քաղաքից հեռացող քաղաքացիական անձանց վկայությամբ, այս քաղաքում նկատվում է սննդամթերքի, խմելու ջրի, դեղորայքի և վառելիքի խիստ պակաս: Բժիշկները նախազգուշացրել են Սիրթ քաղաքում առողջապահական ճգնաժամի ծավալման հնարավորության մասին, իսկ օգնություն տրամադրող միջազգային կազմակերպությունները պահանջել են իրենց մուտք տրամադրել դեպի այս քաղաքը:

Լիբիայի արդարադատության ժամանակավոր նախարար Մոհամեդ ալ-Ալագին երկուշաբթի օրը հավանության է արժանացրել Քադաֆիի կողմից քաղաքական հակառակորդների ազատազրկման համար օգտագործվող անվտանգության պետական դատարանների գործողությունը դադարեցնելու մասին: Երկրի ժամանակավոր իշխանությունները շարունակում են վերացնել Քադաֆիի նախկին կառավարության ամենաատելի կառույցները:

Մուամար Քադաֆիի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ: