Եգիպտոսի ինը նահանգում մեկնարկել է երկրում անցկացվող բազմափուլ խորհրդարանական ընտրությունների շրջանակներում անցկացվող քվեարկության հերթական փուլը:
Հիմնականում գյուղական վայրերում չորեքշաբթի օրն անցկացվող ընտրությունների հերթական փուլը նպատակ է հետապնդում որոշել հաղթող թեկնածուներին այն ընտրատարածքներում, որտեղ անցյալ շաբաթվա ընթացքում անցկացված քվեարկությունների ժամանակ ձայների մեծամասնություն չի ստացել որևէ թեկնածու:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական հրապարակում երեքշաբթի օրը տեղի են ունեցել բախումներ երկրի ռազմական իշխանությունների հրաժարականը պահանջող ցուցարարների և անվտանգության ուժերի միջև, որոնց պատճառով զոհվել է երկու մարդ:
Ոստիկանությունն ու զինծառայողները փորձել են ազատել Թահրիր հրապարակը ցուցարարներից: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանության և զինծառայողների ուղղությամբ, որոնք ի պատասխան հրազենային կրակ են բացել:
Կահիրեում հինգ օր տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է 14 մարդ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը երկուշաբթի ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ՝ «ցնցող» անվանելով Եգիպտոսում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, հատկապես անվտանգության ուժերի ծառայողների կողմից կանանց նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը:
Եգիպտոսում իշխանության գլուխ կանգնած ռազմական խորհուրդն ասել է, թե ցավում է կանանց նկատմամբ իրականացված հարձակումների փաստի կապակցությամբ և խոստացել պատասխանատվության ենթարկել չարաշահումներ իրականացրած անձանց նկատմամբ: