Դոնեցկում հրետակոծության հետևանքով վիրավորվել է «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավար Ռոգոզինը

Չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանի կողմից բռնակցված Դոնեցկ քաղաքում հրետակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ հինգը: Շենքում ի թիվս այլոց, գտնվում էին Ռոսկոսմոսի նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը և Մոսկվայի կողմից նշանակված այսպես կոչված «ԿԺԴՀ» կառավարության նախագահ՝ Վիտալի Խոցենկոն: Ռոգոզինն ու Խոցենկոն երկուսն էլ վիրավորվել են, սակայն նրանց նրանց կյանքին վտանգ չի սպառնում

«Վիրավոր եմ, աջ թիակիս վերևում 3x4 մմ մետաղական բեկոր կա։ Շուտով կվիրահատվեմ: Տուժել են ևս մի քանի մտերիմ մարդիկ»,- գրել է Ռոգոզինը։

Ըստ բժիշկների՝ նրա ողնաշարի բեկորը հնարավոր չէ հեռացնել։ Խոցենկոյի վնասվածքի մասին տեղեկությունը հաստատել է նրա մամուլի քարտուղարը։

Այսպես կոչված «DNR»-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ գնդակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ նրանց թվում է Խոցենկոյի անվտանգության աշխատակիցը:

Ռոգոզինի խոսքերով, «դա աշխատանքային հանդիպում էր նեղ շրջապատում և հանգիստ մթնոլորտում» այն հյուրանոցում, որտեղ նա և իր գործընկերները վերջերս ապրում էին։ Ըստ նրա «ժամը 19:45-ի սահմաններում մի քանի հարվածներ են եղել, այդ թվում՝ այն վայրում, որտեղ մենք գտնվում էինք»։ Նախկին պաշտոնյան հավելել է, որ ութ տարվա ընթացքում այս հյուրանոցը երբեք չեր գնդակոծվել։

«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը, ով ղեկավարում էր պետական կորպորացիան 2018 թվականի մայիսից ի վեր, աշխատանքից ազատվել էր 2022 թվականի հուլիսին։ Աշնանը Ռոգոզինը հայտարարել էր, որ գնում է «հատուկ ռազմական գործողության» գոտի, որտեղ կգլխավորի փորձագիտական մի խումբ, որի նպատակը ռուսական բանակի ստորաբաժանումներին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելն է։

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի Ձայնի ռուսաական ծառայության նյութի հիման վրա: