Մատչելի հղումներ

ՆԱՍԱ-ն սառեցնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ


Բացառություն է արված Միջազգային տիեզերակայանի համար

ԱՄՆ-ի տիեզերագնացության ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու պատճառով գործակալությունը «դադարեցնում է Ռուսաստանի Դաշնության հետ կոնտրակտների մեծ մասը»:

Հայտարարության մեջ սակայն ասված է, որ ՆԱՍԱ-ն ու «Ռոսկոսմոս»-ը կշարունակեն գործել համատեղ ՝ Միջազգային տիեզերակայանի աշխատանքի անվտանգությունն ապահովելու նպատակով:

ՆԱՍԱ-ն նշել է նաև, որ նախատեսում է կենտրոնացնել իր ջանքերն այն ուղղությամբ, որ տիեզերագնացներին տեղափոխող տիեզերանավերի գործարկումն իրականացվի ԱՄՆ-ի տարածքից՝ հրաժարվելով այս նպատակով Ռուսաստանի օժանդակությունից: Նախատեսվում է, որ Միացյալ Նահանգները տիեզերագնացներին տիեզերք ուղարկելը կվերսկսվի 2017 թվականին:

Հիշեցնենք, որ «Շաթլ» ծրագրի ավարտից հետո ՆԱՍԱ-ն ակտիվորեն օգտագործում էր Ռուսաստանի կրիչ հրթիռները: Այսպես, Ռուսաստանի հրթիռն անցյալ շաբաթ Միջազգային տիեզերակայան էր հասցրել երեք տիեզերագնացի, որոնց թվում կար ԱՄՆ-ի մեկ տիեզերագնաց:

ՆԱՍԱ-ի աշխատողներին, բացի այդ, արգելվել է այցելել Ռուսաստան կամ ընդունել ռուսաստանցի այցելուներ, Ռուսաստանի հետ դադարեցվել են նաև այլ կոնտակտները՝ էլեկտրոնային հաղորդակցությունից մինչև հեռուստակոնֆերանսները:
XS
SM
MD
LG