Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ Միջազգային տիեզերակայանից 2024 թվականից հետո՝ սեփական ուղեծրային կայան ստեղծելու համար:
Դրա մասին հաղորդել է ռուսական տիեզերական գործակալության նորանշանակ ղեկավար Յուրի Բորիսովը երեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք Միջազգային տիեզերակայանում միջազգային համագործակցության շրջանակներում։ Իհարկե, մենք կկատարենք մեր բոլոր պարտավորությունները մեր գործընկերների հանդեպ, սակայն ընդունվել է որոշում 2024 թվականից հետո հեռանալու մասին։ Կարծում եմ, որ այս պահին մենք կսկսենք ձևավորել ռուսական ուղեծրային կայանը և կարծում եմ, որ ռուսական օդաչուներով տիեզերագնացության ապագան, առաջին հերթին, պետք է հիմնված լինի հավասարակշռված և համակարգված գիտական ծրագրի վրա»,- ասում է Բորիսովը։
Մոսկվան ակնարկել է, որ ռուսական տիեզերակայանի ստեղծումն իր գլխավոր առաջնահերթություններից մեկն է։ Իր հերթին ամերիկյան կողմը հայտարարել է, որ այդ կապակցությամբ պաշտոնական որևէ ծանուցում դեռևս չի ստացել ռուսական կողմից:
«Մենք տեսել ենք նրանց հրապարակային մեկնաբանությունները, սակայն պետք է նշեմ, որ Ռուսաստանի կառավարությունը պաշտոնապես չի ծանուցել Միացյալ Նահանգներին Միջազգային տիեզերակայանից դուրս գալու մտադրության մասին: Ես կարող եմ նաև տեղեկացնել ձեզ, որ մենք ուսումնասիրում ենք այս զարգացումը՝ Միջազգային տիեզերակայանի վրա 2024 թվականից հետո հնարավոր աղդեցությունը մեղմացնելու համար, եթե, փաստորեն, Ռուսաստանը դուրս գա այստեղից: Մեր կողմից մենք պատրաստվում ենք հավատարիմ մնալ մեր բոլոր գործընկերների հետ համագործակցությանը՝ դրա անվտանգ շահագործումը և, իհարկե, տիեզերանավերում գտնվող տիեզերագնացների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է ԱՄՆ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քերբին:
ԱՄՆ տիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն ևս տեղյակ չի պահվել Միջազգային տիեզերակայանից Ռուսաստանի դուրս գալու մասին, Reuters լրատվական գործակալությանը հայտնել է ՆԱՍԱ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա:
ՆԱՍԱ-ն և Միջազգային տիեզերակայանում ներգրավված մյուս գործընկերները հույս ունեն շարունակել իրենց համագործակցությունը մինչև 2030 թվականը, սակայն Ռուսաստանը չի ցանկանում որևէ պարտավորություն ստանձնել 2024 թվականից հետո:
Հայտարարությունը հնչել է Արևմուտքի և Մոսկվայի միջև ծայրահեղ լարված հարաբերությունների պարագայում՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ: Այն հնչեց նաև ընդամենը մեկ ամիս անց այն բանից հետո, երբ ՆԱՍԱ-ն և Ռոսկոսմոս-ը համաձայնության եկան ռուսական հրթիռների շահագործման շարունակության հարցում՝ տիեզերագնացներին տիեզերակայան հասցնելու համար: