Մատչելի հղումներ

Եմենի նախագահը պատրաստ է հրաժարական ներկայացնել տարվա վերջին


Եմենի նախագահը պատրաստ է հրաժարական ներկայացնել տարվա վերջին

Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը կողմ է այս տարվա ընթացքում նախագահական ընտրությունների անցկացմանն ու պատրաստ է հրաժարական ներկայացնել մինչև հաջորդ տարվա հունվար ամիսը:

Նախագահի խոսնակը երեքշաբթի օրը հայտնել է, որ Սալեհը առաջարկել է իրականացնել իշխանության կանոնավոր փոխանցում` հրաժարվելով նախկինում մինչև 2013 թվականն իշխանության ղեկին մնալու իր ծրագրերից:

Ընդդիմադիր ուժերի կոալիցիան մերժել է Սալեհի առաջարկությունը` պնդելով, որ նախագահը պետք է «անմիջապես» ներկայացնի իր հրաժարականը:

Եմենում անցյալ ուրբաթ օրը նախագահին հավատարիմ ուժերի կողմից բացված կրակից հետո, որի պատճառով զոհվել էր 52 մարդ, բազմաթիվ պետական ծառայողներ, ցեղային առաջնորդներ և դիվանագետներ ընդդիմության կողմ են անցել:

Եմենի բանակի հեղինակավոր գեներալներից մեկը Ալի Մոհսեն ալ-Ահմարը, երկուշաբթի օրը հանդես է եկել «երիտասարդության խաղաղ հեղափոխությունը» սատարելու հայտարարությամբ և հազարավոր զինծառայողներ է դուրս բերել փողոց` նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարներին պաշտպանելու նպատակով:

Նախագահ Սալեհը զգուշացրել է բանակի հրամանատարությանը, որ հեղաշրջում կատարելու ցանկացած փորձի արդյունքում երկրում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել: Նա երեքշաբթի օրը հանդես է եկել հեռուստատեսությամբ` ասելով, որ Եմենի բանակում ցանկացած տարաձայնություն կարող է բացասական հետևանքներ ունենալ ամբողջ երկրի համար:

Նմանատիպ

XS
SM
MD
LG