Մատչելի հղումներ

ԱՀԿ-ը վերացրել է Ռուսաստանի կողմից կազմակերպությանը միանալու խոչընդոտները


ԱՀԿ-ը վերացրել է Ռուսաստանի կողմից կազմակերպությանը միանալու խոչընդոտները
ԱՀԿ-ը վերացրել է Ռուսաստանի կողմից կազմակերպությանը միանալու խոչընդոտները

Առևտրի համաշխարհային կազմակերպության մասնագետների խորհուրդը հավանության է արժանացրել Ռուսաստանում իրականացվելիք բարեփոխումների փաթեթը՝ այսպիսով վերացնելով 18 տարի տևած բանակցություններից հետո Ռուսաստանի կողմից այս կազմակերպությանը միանալու խոչընդոտները:

ԱՀԿ-ը հինգշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից կազմակերպությանը միանալու դիմումն այժմ ներկայացվելու է դեկտեմբեր ամսին կայանալիք կազմակերպության անդամ 153 պետությունների հանդիպման ընթացքում: Սպասվում է, որ այս հանդիպման ժամանակ Ռուսաստանի դիմումը վերջնական հավանության կարժանանա:

Ռուսաստանի կողմից իրականացվելիք բարեփոխումների թվում ներառվել են սակագների առավելագույն չափի սահմանափակումները և օտարերկրյա բանկերի կողմից Ռուսաստանում դուստր ձեռնարկություններ հիմնելու հնարավորության մասին դրույթը:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Պասկալ Լամիի համաձայն, կազմակերպությունում Ռուսաստանի անդամակցության շնորհիվ երկիրն առավել սերտ կինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ և առավել գրավիչ կդառնա գործարարության համար:

Ռուսաստանի անդամակցության հնարավորության հաստատումից մի քանի օր առաջ այս երկիրը Վրաստանի հետ ստորագրել է կարևոր պայմանագիր, որտեղ ներառվել են երկու պետությունների միջև, ներառյալ Աբխազիան և Հարավային Օսիան, իրականացվող առևտրի ամբողջ ծավալի մոնիթորինգի անկախ մարմինների կողմից իրականացման մասին դրույթները:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին՝ ասելով, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված պայմանագիրը տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված պատմական քայլ է:

XS
SM
MD
LG