Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալն այցելել է Վրաստան, հանդիպել երկրի նախագահի հետ


ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալն այցելել է Վրաստան, հանդիպել երկրի նախագահի հետ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ նախագահական պալատում անցկացվել է հանդիպումը երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլի և ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի Ուիլյամ Բըրնսի միջև:

«Ռուսթավի-2» վրացական հեռուստաալիքի փոխանցմամբ, երկու կողմերը հոկտեմբերի 19-ին քննարկել են Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմանի հարաբերությունները և Ռազմավարական գործակալության խարտիայի շրջանակներում համագործակցության խնդիրները:

Միխեիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում խոսել է նաև երկրում իրականացվող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների կարևորության մասին:

ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Միխեիլ Սահակաշվիլիին Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում մասնակցություն ունենալու համար:

Հանդիպման ընթացքում Բըրնսն անդրադարձել է նաև վրաց զինծառայողների խիզախությանը և շնորհակալություն հայտնել վրաց ժողովրդին և զինծառայողների ընտանիքներին առաքելությունը հաջողությամբ իրականացնելու համար:

Միխեիլ Սահակաշվիլիի և Ուիլյամ Բըրնսի միջև հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը, Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նախագահ Գիգա Բոկերիան և երկրի արտգործնախարարի տեղակալ Սերգի Կապանաձեն:

ԱՄՆ-ի արտգործնախարարը Վրաստան կատարվող այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է ժողովրդավարական զարգացումների, մամուլի ազատության, դատարանների անկախության և ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության հնարավորության հարցերը:

Բըրնսն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և արտգործնախարար Հիլարի Քլինթընը մեծ նշանակություն են տալիս Վրաստանի հետ գործընկերությանը, և ԱՄՆ-ը շատ հպարտ է երկու պետությունների հետ հարաբերությունների առկա մակարդակով:

«Մեր համատեղ շահերից է բխում տարածաշրջանում ժողովրդավարությունը զարգացումն ու խաղաղության և անվտանգության ամրապնդումը, մեր երկրների միջև առևտրի զարգացումը», - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալը՝ հավելելով. «Ես արդյունավետ հանդիպումներ եմ անցկացրել վարչապետ Վաշաձեի և Ազգային անվտանգության խորհրդական Բոկերիայի հետ, և ինձ համար շատ հաճելի էր այսօր հանդիպումներ անցկացնել նաև քաղաքական կուսակցության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ»:

Մամուլի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բըրնսը շնորհակալություն է հայտնել վրաց ժողովրդին Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում մասնակցություն ունենալու համար:

ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալը հայտնել է նաև, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության ցանկությանը:

Բըրնսի համաձայն, Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության ձևաչափն օգտագործվելու է ինքնապաշտպանության, առևտրի, ժողովրդավարական ինստիտուտների, երկու պետությունների ժողովուրդների միջև հարաբերությունների և այլ ոլորտներում Վրաստանին օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

«Մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ ժողովրդավարական ինստիտուտներին, քաղաքացիական հասարակությանը, ազատ մամուլին, դատարանների անկախության բարելավման ուղղությամբ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև ընտրական համակարգը բարեփոխելու և 2013 թվականին արդար ընտրություններ անցկացնելու նպատակով», - Վրաստանում մամուլի հետ հանդիպման ընթացքում ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը:

XS
SM
MD
LG