Մատչելի հղումներ

«Վաշինգտոն փոստ». արգելք դնելով ԱՄՆ-ի դիվանագետի թեկնածությանը` ռիսկի են ենթարկվում ԱՄՆ-ի հետաքրքրությունները


«Վաշինգտոն փոստ» օրաթերթը սեպտեմբերի 24-ին հրապարակել է խմբագրական, որում, մասնավորապես, ասված է. «Պարոն Բրայզան չպետք է դառնար քաղաքական պայքարի թիրախ, քանի որ, լինելով ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների կողմից բարձր գնահատական ստացած դիվանագետ, արդեն 13 տարի աշխատում է Կովկասում ԱՄՆ-ի հետաքրքրությունները Անվտանգության ազգային խորհրդում և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունում ներկայացնելու ուղղությամբ»:

Խմբագրականը «անհեթեթություն է» համարում սենատոր Բոքսերի այն հայտարարությունը, ըստ որի Բրայզան «չի ցանկանում ուժերի ներածի չափով հանդես գալ» Հայաստանի նկատմամբ «Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետզհետե ավելացման դեմ»: Թերթը գրում է, որ «Բրայզան, ինչպես և բոլոր թեկնածուները, գործում է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության վերադասների հրահանգներին համաձայն, և ներկայացնում նախագահ Օբամայի վարչակազմի ձևակերպումները:

«Վաշինգտոն փոստ» օրաթերթի խմբագրականը հայտարարում է, որ սենատոր Մենենդեսը, արձագանքելով Հայ դատի գրասենյակի «տգեղ քարոզչությանը», հարցականի տակ է դնում «Թուրքիայի հետ Բրայզայի մտերիմ կապերը». ու ավելացնում, որ Բրայզայի կինը՝ Զեյնո Բարանը բարձրաձայն է քննադատում Թուրքիայի ներկայիս կառավարությանը: «Խայտառակություն է, որ ԱՄՆ-ի դիվանագետի տիկնոջ ազգային պատկանելիությունն օգտագործվում է նրա դեմ», գրում է թերթը:

Անդրադառնալով Հայ դատի գրասենյակին, օրաթերթի խմբագրականը նշում է, թե պետական մարմինների ներկայացուցիչների վրա այս կազմակերպության կողմից իրականացվող ճնշման փորձերը հանգեցրել են նրան, որ Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորումը դառնում է ավելի դժվար, ինչը Հայաստանին մղում է աղքատացման և Ռուսաստանից առավել կախվածության:

«Հայ դատի գրասենյակի կողմից բանիմաց դիվանագետին որպես Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակումը արգելափակելու հաջողության դեպքում, ԱՄՆ-ի ազդեցությունը Կովկասում նվազելու է, ինչն առավել հավանական է դարձնելու պատերազմը: Նման հետաքրքրություններ առաջ քաշելով` տիկին Բոքսերը և պարոն Մենենդեսը խայտառակում են իրենց», - ասված է «Վաշինգտոն փոստ» օրաթերթի խմբագրականում, որն «Ամերիկայի Ձայն»-ը ներկայացրեց առանց մեկնաբանությունների, պարզապես զարգացող իրադարձությունների մասին տեղյակ պահելու համար:

Իսկ «Ամերիկայի ձայն»-ի փորձերը պարզելու, թե «Վաշինգտոն փոստ» օրաթերթի խմբագրականի հեղինակը ինչ աղբյուր է կիրառել` պնդելու համար, թե Հայաստանի կառավարությունը սատարում է Մեթյու Բրայզայի թեկնածությունը, դեռևս անպատասխան են մնում:

XS
SM
MD
LG