Մատչելի հղումներ

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուի հաստատման քննարկում` օգոստոսի 2-ին


Ֆրենսիս Ռիկարդոնե

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը օգոստոսի 2-ին անցկացնելու է հանդիպում, որի ընթացքում անցկացվելու է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեին հաստատելու շուրջ քննարկում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի նախագահը, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, որի համաձայն Սենատի` արձակուրդում գտնվելու ժամանակ նախագահն իրավունք ունի նշանակումներ կատարել երկրի առանցքային թափուր պաշտոններում, կատարել էր Ադրբեջանում, Թուրքիայում, Չեխիայում և Սիրիայում դեսպանների, ինչպես նաև ԱՄՆ-ի մի շարք այլ բարձրագույն պաշտոնների նշանակումներ:

ԱՄՆ-ի Սենատը սակայն հնարավորություն ունի վերանայել նախագահի այս նշանակումները մոտավորապես մեկ տարի անց:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, օգոստոսի 3-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովը քննարկելու է Օտարերկրյա պետություններին 2012 թվականի ֆինանսական տարվա ընթացքում օգնություն տրամադրելու մասին օրինագիծը:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովի օտարերկրյա պետություններում իրականացվող գործունեության հարցերով ենթահանձնաժողովը քվեարկելու է 40 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին ուղարկելու ու Հայաստանին և Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության համաչափությունը պահպանելու օգտին:

XS
SM
MD
LG