Մատչելի հղումներ

Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում


Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում
Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում

Սպիտակ տան մամուլի քարտուղարության հաղորդագրության համաձայն, Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:

ԱՄՆ-ի նախագահը, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, որի համաձայն Սենատի` արձակուրդում գտնվելու ժամանակ նախագահն իրավունք ունի նշանակումներ կատարել երկրի առանցքային թափուր պաշտոններում, դեկտեմբերի 29-ին կատարել է Ադրբեջանում, Թուրքիայում, Չեխիայում և Սիրիայում դեսպանների, ինչպես նաև ԱՄՆ-ի մի շարք այլ բարձրագույն պաշտոնների նշանակումներ:

ԱՄՆ-ի Սենատը հնարավորություն կունենա վերանայել նախագահի այս նշանակումները մոտավորապես մեկ տարի անց:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը հանդես է եկել Ադրբեջանում Մեթյու Բրայզային դեսպան նշանակելու մասին նախագահ Օբամայի որոշման դեմ խիստ քննադատությամբ:

Գրասենյակի կողմից տարածված հաղորդագրությունում ասվում է, որ «ամերիկահայությունը խիստ անհանգստացած է ԱՄՆ-ի Սենատը շրջանցելով և իր աշխատանքում լուրջ բացթողումներ թույլ տված դիվանագետին Սենատի արձակուրդի ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող պաշտոնին նշանակելու մասին նախագահ Օբամայի որոշմամ»:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշում է, որ «առանց Սենատի հավանության Մեթյու Բրայզային Բաքու ուղարկելու վերաբերյալ նախագահի որոշումը «արջի ծառայություն» է մատուցել ԱՄՆ-ի դիվանագիտությանը` քայքայելով իր շահերն ու արժեքները կովկասյան տարածաշրջանում առաջ քաշելու ԱՄՆ-ի հնարավորությունը»:

«Նախագահ Օբաման, ում վարչակազմը ընդամենը մեկ շաբաթ առաջ նպաստել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը քվեարկության դնելու ձախողմանը, կրկին անգամ խախտել է իր իսկ նախընտրական արշավի ընթացքում Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության և երկրների միջև առևտրային կապերին վերաբերող խնդիրներով հանձնառությունը», - ավելացրել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը:

XS
SM
MD
LG