Ռուսաստանում Վոլգա գետում խորտակվել է մի զբոսանավ: Տախտակամածին 180 մարդ կրող նավը սկսված փոթորկի ժամանակ սուզվել է մի քանի րոպեի ընթացքում: Աղետի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։
Դեպքը տեղի է ունեցել ափից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա:
Մարդկանցից ոչ բոլորին է հաջողվել ստանալ փրկարարական օղակներ:
Միայն երկու մարդու է հաջողվել լողալով հասնել ափ: 83 հոգու փրկել է մոտ տարածքով անցնող մեկ այլ նավ:
Ռուսաստանի արտակարգ իրադրությունների նախարարության խոսնակն ասել է, թե շատ փոքր են այլ փրկվածների հայտնաբերելու հույսերը:
Ամառային արձակուրդների պատճառով նավում մեծ է եղել երեխաների թիվը:
Նախկինում շատերն են բողոքել այս նավի անմխիթար վիճակից, որը կառուցվել է նախկին Չեխոսլովակիայում դեռեւս 1955 թվականին:
Բացի այդ, նավի տախտակամածին եղել են ավելի մեծ թվով մարդիկ, քան թույլատրվում է:
Սկսվել է հետաքննություն: