Մատչելի հղումներ

Վիլնյուսում համատեղ հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով


Վիլնյուսում համատեղ հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով

ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպման շրջանակներում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի, Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Ժան Լեոնետիի, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ընդունվել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով։

Հիշատակելով 2008 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հռչակագիրը, 2008 թվականին Հելսինկիում, 2009 թվականին Աթենքում կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպումներում, ինչպես նաև 2010-ի ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովում իրենց երկրների հայտարարությունները, հինգ պատվիրակությունների ղեկավարները համաձայնել են, որ անհրաժեշտ է բանակցային գործընթացը շարունակել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափով և բարելավել մթնոլորտը` դեպի խաղաղ կարգավորում առաջընթաց արձանագրելու համար։

«Նրանք համաձայնեցին, որ որպես այդ ուղղությամբ քայլերից մեկն անհրաժեշտ է գործադրել հետագա ջանքեր` աշխատելու հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի մանրամասների վրա, ինչը բխում է 2011 թվականի Սոչիի գագաթաժողովում նախագահներ Ալիևի, Սարգսյանի և Մեդվեդևի կողմից արված հայտարարությունից», - ասված է հայտարարությունում։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն, հիշատակելով այս տարվա մայիսին Դովիլում իրենց երկրների նախագահների կողմից ընդունած հայտարարությունը, որում Հայաստանին և Ադրբեջանին կոչ էր արվել վերջնական տեսքի բերել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները ափսոսանք են հայտնել, որ կողմերը չկարողացան ձեռնարկել այդ վճռական քայլը։

«Երեք երկրների պատվիրակությունների ղեկավարները կրկին շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և որ ՄԱԿ-ի խարտիան, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, 2009 թվականին Լ՛Աքվիլայում ու 2010 թվականին Մուսկոկայում իրենց երկրների նախագահների արած համատեղ հայտարարություններում ուրվագծված տարրերն անընդունելի ստատուս քվոն հաղթահարելով խաղաղ կարգավորման հասնելու ուղի են առաջարկում բոլոր կողմերին: 2007 թվականին Մադրիդում կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպումից հետո, այդ թվում ամենաբարձր մակարդակով ընթացած ինտենսիվ բանակցությունների լույսի ներքո, երեք պատվիրակությունների ղեկավարները կողմերին հորդորեցին շարունակել ուշադրությամբ դիտարկել այն առաջարկները, որոնք համանախագահ երկրները տրամադրել են իրենց», - ասված է հայտարարությունում։

Հայտարարությունում նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր են գնահատել իրենց երկրներին համապարփակ խաղաղ կարգավորման շրջանակի հասնելու գործում ցույց տված աջակցության համար համանախագահ երկրների ջանքերը, այդ թվում` նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի անձնական ներգրավվածությունը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները «տեղեկացրել են համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներին, որ իրենց երկրների նախագահները պատրաստ են կրկին հանդիպել մոտ ապագայում` համանախագահ երկրների հովանու ներքո շարունակելու իրենց ժողովուրդներին խաղաղություն, կայունություն և բարգավաճում բերելու ուղղությամբ ուղիղ երկխոսությունը` հիմնվելով վերջին շրջանի փորձի վրա», - ասված է համատեղ հայտարարությունում։

XS
SM
MD
LG