Մատչելի հղումներ

«Թուրքիան որոնում է Հայաստանի հետ երկխոսությունը վերսկսելու ուղիներ»


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու (արխիվայի լուսանկար)

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ-ի համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման արձանագրությունների ստորագրությանը միջնորդած Շվեյցարիայի իր գործընկեր Միշելին Քալմի-Ռեյի հետ:

Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Դավութօղլուի կողմից Շվեյցարիայի արտգործնախարարի հետ անցկացված հանդիպումը նպատակ էր հետապնդել պատկերացում կազմելու այն մասին, արդյոք Շվեյցարիան կհամաձայնվի կրկին հանդես գալ միջնորդի դերում այդ դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ձեռնարկեն իրենց միջև առկա վեճը լուծելուն ուղղված վճռական քայլեր:

«Շվեյցարական կողմը ի գիտություն է ընդունել Դավութօղլուի դիմումն ու գնահատելու է այն՝ հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ծավալվող զարգացումները», - գրում է «Հուրիեթ»-ը:

Թերթը նշում է, որ Շվեյցարիայի արտգործնախարարի հետ նախկինում չհայտարարված հանդիպման դրդապատճառ է հանդիսացել Վիլնուսում ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպման շրջանակներում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի, Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Ժան Լեոնետիի, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև անցկացված հանդիպումից հետո, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով:

Հիշեցնենք, որ Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհդրի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում նշվել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները տեղեկացրել են համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներին, որ իրենց երկրների նախագահները պատրաստ են կրկին հանդիպել մոտ ապագայում` համանախագահ երկրների հովանու ներքո շարունակելու իրենց ժողովուրդներին խաղաղություն, կայունություն և բարգավաճում բերելու ուղղությամբ ուղիղ երկխոսությունը` հիմնվելով վերջին շրջանի փորձի վրա»:

XS
SM
MD
LG