Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը զգուշացրել է Քենիայում ահաբեկչական հարձակումների հնարավորության մասին


Քենիայում ԱՄՆ-ի դեսպանությունը զգուշացրել է երկրի մայրաքաղաք Նայրոբիում ահաբեկչական հարձակման իրականացման բարձր հավանականության մասին՝ հորդորելով բարձր զգոնություն պահպանել քաղաքում գտնվող ամերիկացիներին:

Դեսպանությունն այս հայտարարությամբ հանդես է եկել երկուշաբթի օրը՝ ասելով, որ ունի վստահելի տեղեկությունների Նայրոբիում հյուրանոցների և Քենիայի կառավարական շենքերի ուղղությամբ ահաբեկչական հարձակման հնարավորության մասին:

Հայտարարությունում նշվել է, որ հարձակման հստակ ժամանակի մասին տեղեկություններ չկան, սակայն «դեսպանության հիմնավորված կարծիքով, հնարավոր հարձակումը ծրագրավորման վերջին փուլում է»:

Քենիայի կառավարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի ներկայացրել Միացյալ Նահանգների դեսպանության կողմից հրապարակված հայտարարության վերաբերյալ:

Նման հայտարարությամբ այս տարվա հունվարին հանդես էր եկել Մեծ Բրիտանիայի կառավարությունը:

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և երկրի հյուսիս-արևելյան շրջաններում անցյալ տարվա հոկտեմբերից, երբ երկրի ստորաբաժանումները մուտք են գործել Սոմալի՝ զինյալների «ալ-Շաբաբ» կազմակերպության դեմ պայքարելու նպատակով, իրականացվել է ահաբեկչական մի քանի փոքրածավալ հարձակում:

Հիշեցնենք, որ 1998 թվականի օգոստոսին Նայրոբիում Օսամա բին Լադենի և «ալ-Քայիդա»-ի հետ կապեր ունեցող ահաբեկիչների կողմից ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր ավելի քան 200 մարդ:

XS
SM
MD
LG