Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար. «Անհրաժեշտ է նվազեցնել երկրի պարտքի բեռը»


ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթներ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթների համաձայն, ԱՄՆ-ի Սպիտակ տան և Կոնգրեսի առաջնորդների միջև առկա է «լայն համաձայնություն» հաջորդ 10-ից 12 տարիների ընթացքում երկրի բյուջեի պակասորդը, որն այժմ կազմում է 14 տրիլիոն դոլար, 4 տրիլիոնով նվազեցնելու շուրջ։

Ֆինանսների նախարարը երեքշաբթի օրը, հանդես գալով «Սի-Էն-Բի-Սի» հեռուստաալիքով, ասել է, որ հանրապետականների և դեմոկրատների ղեկավարների առջև, որոնք պետք է համաձայնության գան երկրի երկարաժամկետ պարտքը նվազեցնելու միջոցների շուրջ, ծառացած է «վիթխարի խնդիր լուծելու մարտահրավեր»։

Գայթների համաձայն, այժմ առկա են «առավել բարենպաստ հնարավորություններ»՝ արտաքին պարտքը նվազեցնելուն ուղղված նպատակները սահմանելու համար։ Նրա համաձայն, երկրի տնտեսության երկարատև զարգացման հեռանկարները բարելավելու համար անհրաժեշտ է նվազեցնել պարտքի բեռը։

Գայթներն իր անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ-ի տնտեսական աճի հեռանկարը «կայունից» մինչև «բացասական» նվազեցնելու շուրջ «Standard & Poor’s» ընկերության կողմից ներկայացված զեկույցի նկատմամբ։ Նա ասել է, որ ամենաբարձր՝ «AAA» վարկային վարկանիշ ունեցող երկրներից Միացյալն Նահանգներն ամենաերիտասարդն է, և, ի տարբերություն նման վարկանիշ ունեցող այլ երկրների, ԱՄՆ-ում ավելի քիչ են սոցիալական ապահովությանը նվիրված զանազան ծրագրերը։

Նա սակայն զգուշացրել է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է սկսել նվազեցնել իր պարտքը՝ հավելելով, որ «յուրաքանչյուր ծախսված դոլարի 40 տոկոսը փոխառելն իրավիճակը կարող է դարձնել անկառավարելի»։

XS
SM
MD
LG