Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Սիրիայից հետ է կանչել իր դեսպանին


Սիրիայում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդը` երկրում կատարված իր այցերից մեկի ընթացքում (արխիվային լուսանկար)

Միացյալ Նահանգները Սիրիայից հետ է կանչել իր դեսպանին՝ վերջինիս անձնական անվտանգության մտավախությունից ելնելով:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք երկուշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն դեսպան Ռոբերտ Ֆորդը լքել է Սիրիան մի քանի օր առաջ:

Դեսպան Ֆորդն առաջացրել է Սիրիայի իշխանությունների զայրույթը՝ հանդես գալով այս երկրի կառավարության կողմից նախագահ Բաշար ալ-Ասսադի հրաժարականը պահանջող բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ:

Սիրիայի կառավարությունն այս տարվա հուլիս ամսին հրապարակել է օտարերկրյա պետությունների դեսպանների տեղաշարժը սահմանափակող հրամանագիր՝ դեսպան Ֆորդի և իր գործընկեր՝ Սիրիայում Ֆրանսիայի դեսպանի կողմից Համա քաղաք կատարված այցից հետո, որը միտված էր ցույց տալու այս քաղաքի բնակչության հետ դեսպանների միասնությանը:

Անցյալ ամիս վրդովված ամբոխը հարձակում էր իրականացրել դեսպանի Ֆորդի տեղափոխող շարասյան վրա, երբ վերջինս ուղևորվել էր Դամասկոսում ընդդիմության առաջնորդներից մեկի հետ հանդիպման:

Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, այլախոհների նկատմամբ Սիրիայի կառավարական ուժերի կողմից իրականացվող բռնությունների զոհ արդեն գնացել է ավելի քան երեք հազար մարդ:

Սիրիայի կառավարության համաձայն, ահաբեկիչների հանցախմբերը երկրում տեղի ունեցող խռովությունների ընթացքում սպանել են անվտանգության ուժերի հարյուրավոր ծառայողների:

XS
SM
MD
LG