Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հաստատել է Ջոն Հեֆերնի թեկնածությունը


ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հաստատել է Ջոն Հեֆերնի թեկնածությունը

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն սեպտեմբերի 13-ի երեկոյան անցկացված նիստի ընթացքում միաձայն հաստատել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածությունը:

Ջոն Հեֆերնը մեծ փորձ ունեցող դիվանագետ է, որն այժմ զբաղեցնում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, որից առաջ աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ-ի դեսպանության ղեկավար պաշտոններ: Հեֆներն աշխատել է նաև Ճապոնիայում, Մալայզիայում, Փղոսկրի Ափում և Չինաստանում, իսկ 1994-1996 թվականներին` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Ասիայի հարցերով ենթահանձնաժողովում: ԱՄՆ-ի արտգործնախարարությունում աշխատանքի անցնելուց առաջ Ջոն Հեֆերնը զբաղեցրել է Սենատոր Ջոն Դանֆորթի գրասենյակի տնօրենի պաշտոնը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկել է նաև Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիչարդոնեի թեկնածության կողմ, սակայն քվեարկությունը չի եղել միաձայն: Ռիչարդոնեի թեկնածության դեմ են քվեարկել դեմոկրատական կուսակցության անդամներ, սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Բոքսերը և հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը:

Սենատոր Մենեդեսը Ֆրենսիս Ռիչարդոնեի թեկնածության դեմ հանդես գալուց առաջ իր ելույթում հիշեցրել է ժամանակակից Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վիճակի վերաբերյալ իր հարցին վերջինիս կողմից տված սխալ պատասխանի մասին: Մենենդեսն ասել է, որ Ռիչարդոնեի կողմից տված պատասխանը, որի համաձայն «մինչև 1915 թվականը Թուրքիայում գործող եկեղեցիների մեծ մասը մինչ այժմ գործող եկեղեցիներ են», «այն աստիճանի սխալ է, որ գրեթե վիրավորական է», և շարունակել.

«Սակայն ինձ ավելի շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ նման պատասխանը նշանակում է, որ ինքը [Ռիչարդոնեն] ուշադիր չի ուսումնասիրել իր անունից ներկայացված պատասխանները, կամ էլ, ինչն ավելի է տխրեցնում, ինքը իրոք անտեղյակ էր Թուրքիայում քրիստոնեական եկեղեցու պատմությունից և այն դժվարություններից, որոնք քրիստոնեական եկեղեցին շարունակում է կրել այս երկրում: Իր պատասխանը նշանակում է, որ ինքը կամ ուշադրության չի արժանացրել, կամ էլ հետաքրքրված չէ հայ համայնքի վրա ազդեցություն գործող այս խնդրով: Անկարայում մեզ պետք է այնպիսի դեսպան, որը կարող է երես առ երես կանգնել Թուրքիայի հետ՝ օժանդակելով և պաշտպանելով Միացյալ Նահանգների շահերը: Ցավոք, ես այլևս չեմ հավատում, որ Ռիչարդոնեն կկարողանա լուծել նման խնդիրներ և չեմ կարող պաշտպանել իր թեկնածությունը», - ասել է սենատոր Մենենդեսը:

XS
SM
MD
LG