Մատչելի հղումներ

Ռիչարդոնեն ներկայացրել է ԱՄՆ-ի Սենատի հարցմանը վերանայված պատասխան


Ռիչարդոնեն ներկայացրել է ԱՄՆ-ի Սենատի հարցմանը վերանայված պատասխան
Ռիչարդոնեն ներկայացրել է ԱՄՆ-ի Սենատի հարցմանը վերանայված պատասխան

«Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն, տեղի տալով հասարակական զայրույթի ալիքին և Կոնգրեսի կողմից արտահայտված մտահոգություններին, հետ է կանգնել Թուրքիայուն քրիստոնեական եկեղեցիների ոչնչացման վերաբերյալ իր ամենաակնհայտ ու վիրավորական խեղաթյուրումից, սակայն ներկայացրել է այդ երկրում ներկայումս գործող քրիստոնեական պաշտամունքի վայրերի թվի վերաբերյալ վիճահարույց տվյալներ` կրկին կիրառելով մտացածին մեղմացումներ, որպեսզի Անկարան կարողանա խուսափել իր կողմից կատարված հանցագործություններից»:

Այս մասին նշվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հայտարարությունում, որտեղ ասվել է նաև, որ ամերիկահայ համայնքի և կրոնական առաջնորդների կողմից նախկինում արտահայտված բազմաթիվ մտահոգությունների ճնշման ներքո Ռիչարդոնեն ներկայացրել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսի կողմից առաջադրված հարցին իր պատասխանի փոփոխված տարբերակը:

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, պատասխանի փոփոխված տարբերակում Ռիչարդոնեն սակայն, առանց որևէ հիմնավորման, պնդում է, որ մինչև 1915 թվականը ժամանակակից Թուրքիայի տարածքում գործող եկեղեցիների մեծամասնությունը գործում են մինչ օրս:

«Դեսպանի Ռիչարդոնեին, ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունից իր բազմաթիվ գործընկերների օգնությամբ, պահանջվել է մեկ շաբաթ` Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների ոչնչացման գրավոր խեղաթյուրումը ներկայացնելու համար, ու ևս 10 օր և Սենատի ու քաղաքացիների կողմից իր վրա գործադրված ճնշման ալիք` իր պատասխանի ամենավիրավորական և ակնհայտորեն սխալ մասից վերջապես կես քայլ հետ կանգնելու համար», - ասել է Ամերիկայի Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պահանջել է, որպեսզի Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն ներողություն խնդրի ԱՄՆ-ի Սենատի կողմից ներկայացված հարցման վերջերս տված գրավոր պատասխանի համար, որտեղ նա պնդել է, թե «Թուրքիայում մինչ այժմ գործում են քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը, որոնք գործել են այդ երկրում մինչև 1915 թվականը»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը օգոստոսի 15-ին նամակ էր հղել ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընին, որտեղ նշվել էին դեսպան Ռիչարդոնեի կողմից ներկայացված վիրավորական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների հիմքում ընկած փաստերը, որոնց միջոցով կատարվել է քրիստոնյաների սրբավայրերի զանգվածային ոչնչացումը քողարկելու փորձ:

Խաչիկյանի նամակում նշվել էր, որ «դեսպանի պատրաստակամությունը` ընդունելու Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման կեղծ և ատելությամբ լի շարադրանքը գերազանցում է նույնիսկ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի քաղաքականությանը հետևելու երկարատև դիրքորոշմանը»:

Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի նամակում ներկայացվել էր հստակ երեք պահանջ. առաջինը` ներկայացնել դեսպան Ռիչարդոնեի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության կողմից իր պատասխանից հրաժարվելու պաշտոնական հայտարարություն, երկրորդը` ներկայացնել պաշտոնական ամբողջական ճշտում այն մասին, որ ժամանակակից Թուրքիայի տարածքում ժամանակին եղած քրիստոնեական եկեղեցիների գերակշռող մեծամասնությունը պղծվել, ոչնչացվել կամ կողոպտվել է Թուրքիայի օսմանյան կամ հանրապետական կառավարությունների կողմից, և որ պահպանված բոլոր եկեղեցիները և կրոնական ունեցվածքը պետք է վերադարձվեն իրենց օրինական հայ, հույն, ասորի, սիրիացի, պոնտոսցի և քրիստոնեական այլ եկեղեցիներին և սեփականատերերին, և երրորդը` ներողություն դեսպան Ռիչարդոնեի կողմից:

XS
SM
MD
LG