Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Չինաստանը քննարկում են տնտեսությանը և մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները


ԱՄՆ-ը և Չինաստանը քննարկում են տնտեսությանը և մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Չինաստանն ու Միացյալ Նահանգներն ավելի մեծ օգուտ կքաղեն համագործակցությունից, քան առկա հակասություններն առաջ տանելուց։ «Սակայն խաղաղությանն ու բարեկեցությանը նպաստելու համար բարի խոսքերը պետք վերածվեն կոնկրետ գործողությունների», ասել է նա:

Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդես է եկել Վաշինգտոնում երկուշաբթի օրը` Չինաստանի բարձրաստիճան պատվիրակության հետ երկօրյա բանակցությունները մեկնարկելուց առաջ:

Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադառնալու են ԱՄՆ-ի արտաքին պարտքի, Չինաստանում մարդու իրավունքների և դրամական բարեփոխումների, ինչպես նաև երկու պետություններում շուկա մուտք գործելու հարցերին:

Սպասվում է, որ ԱՄՆ-ի պատվիրակությունը ճնշում կգործադրի Պեկինի վրա, որպեսզի այն ավելի մեծ դեր հատկացնի շուկայական գործոններին` Չինաստանի դրամի արժեքը կարգավորելու գործընթացում:

Չինաստանի պատվիրակությունը գլխավորում են Պետական խորհրդի անդամ Դայի Բինգուոն և փոխվարչապետ Վանգ Քիշանը:

Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Պեկինի և Վաշինգտոնի միջև լավ հարաբերությունները կարևոր են ինչպես երկու պետությունների, այնպես էլ՝ ամբողջ աշխարհի համար:

Սպասվում է, որ բանակցությունների ընթացքում Չինաստանի պատվիրակությունն իր մտահոգությունը կարտահայտի ԱՄՆ-ի պարտքի մակարդակի, ինչպես նաև ԱՄՆ-ի փոխառությունների թույլատրելի մակարդակի բարձրացման հնարավորության շուրջ:

XS
SM
MD
LG