Մատչելի հղումներ

Թուրքիան նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նկատմամբ


Թուրքիան նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նկատմամբ

Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են բանակցությունները Սիրիայի հետ և նախատեսում են պատժամիջոցներ սահմանել հարևան պետության նկատմամբ՝ այնտեղ հակակառավարական ցուցարարների դեմ շարունակվող բռնությունների պատճառով:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հայտնել է լրագրողներին, թե ինքը «չի ցանկանում, որպեսզի Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները հասնեն նման աստիճանի, սակայն Սիրիայի կառավարությունը ստիպել է Թուրքիային ընդունել այս որոշումը»:

Էրդողանը նման հայտարարությամբ հանդես է եկել՝ հետևելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքի ընթացքում երեքշաբթի երեկոյան կայացած հանդիպմանը:

Էրդողանի համաձայն, Թուրքիայի արտգործնախարարությունն աշխատելու է Միացյալ Նահանգների արտաքին գործերի գերատեսչության հետ՝ որոշելու այն պատժամիջոցների ցանկը, որը կարող է կիրառվել Թուրքիայի կողմից:

Սիրիայի անվտանգության ուժերի կողմից երեքշաբթի օրը խուզարկման երկու առանձին գործողություն իրականացնելու արդյունքում զոհվել է քաղաքացիական վեց անձ: Այս իրադարձությունները տեղի են ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում և կենտրոնական Հոմս նահանգում անվտանգության ուժերի կողմից տները խուզարկելու գործողության իրականացման ժամանակ:

Սիրիայի պետական լրատվամիջոցները և իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել են նաև, որ զինված մարդկանց կողմից բացված կրակի արդյունքում զոհվել է երկու ոստիկան:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի համաձայն, Սիրիայում տեղի ունեցող բռնությունների պատճառով զոհվել է առնվազն 2 700 մարդ, որոնցից 100-ը երեխաներ են:

XS
SM
MD
LG