Մատչելի հղումներ

Սիրիայի իշխանությունները Թուրքիայից զենքի մաքսանենգության դեպք են կանխել


Սիրիայի իշխանությունները Թուրքիայից զենքի մաքսանենգության դեպք են կանխել

Սիրիայի իշխանությունների համաձայն, իրենց կողմից բռնագրավվել է հարևան Թուրքիայից այս երկիր մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող զենքի մի խմբաքանակ:

Պետական «ՍԱՆԱ» գործակալությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ առգրավված խմբաքանակում կար ավելի քան 150 հրացան և Կալաշնիկովի ինքնաձիգ, ինչպես նաև ռեակտիվ նռնականետ:

Այս մասին հաղորդագրությունից մեկ օր առաջ «ՍԱՆԱ» գործակալությունը հաղորդել է երկրի սունի մահմեդականների առաջնորդներից մեկի 21-ամյա որդուն սպանելու մասին լուրը: Հոգևորականը՝ գերագույն մուֆթի Ահմադ Մադրեդին Հասունը, համարվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի կառավարության կողմնակից և բազմիցս ասել է, որ Սիրիայում տեղի ունեցող ապստամբությունը օտարերկրյա պետությունների կողմից կազմակերպված դավադրություն է:

Սիրիայի ընդդիմադիր հիմնական կուսակցությունները կիրակի օրը հանդես են եկել Ստամբուլում Սիրիայի ազգային խորհրդի ստեղծման մասին հայտարարությամբ:

Ընդդիմադիր ճանաչված գործիչ Բուրհան Ղալիունը հանդես է եկել այս մասին հայտարարությամբ՝ ասելով, որ չնայած Խորհուրդը չի ողջունում «օտարերկրյա պետությունների կողմից Սիրիայի ինքնավարության իրավունքի խախտումը», սակայն դիմել է միջազգային հանրության՝ քաղաքացիական բնակչությունը Սիրիայի կառավարության կողմից հայտարարված «պատերազմից» պաշտպանելու կոչով:

XS
SM
MD
LG