Մատչելի հղումներ

«Սիրիան անտեսում է բռնությունները դադարեցնելու կոչերը»


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ասել է, որ Սիրիայում շարունակվում են այս երկրի ժողովրդի դեմ ուղղված բռնությունները՝ չնայած Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին բռնությունների իրականացումը դադարեցնելուն ուղղված կոչերին:

Ելույթ ունենալով հինգշաբթի օրը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի համալսարանում` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, թե հորդորել է Սիրիայի նախագահին «քանի դեռ ուշ չէ» անցկացնել քաղաքական բարեփոխումներ:

Սիրիայի իրավապաշտպանների համաձայն, այս երկրում հինգշաբթի օրը շարունակվել են հակակառավարական ցուցարարների դեմ ուղղված բռնությունները: Նրանց վկայությամբ, Սիրիայի զինված ուժերը հրազենային կրակ են բացել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող մեծ գյուղերից մեկի ուղղությամբ, ուր հետագայում մուտք են գործել զինված ուժերի բեռնատար մեքենաները:

Ֆրանսիան չորեքշաբթի օրը մեղադրել է Սիրիայի իշխանություններին «մարդկության դեմ հանցագործություններ» իրականացնելու մեջ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժուպեն դատապարտել է այդ երկրում իրականացվող բռնությունները և ասել, որ Սիրիայի դեմ ուղղված պատժամիջոցներն արդարացված են:

Ժուպեն հանդիպում է անցկացրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում հորդորել է Ռուսաստանին ավելի խիստ դիրքորոշում ընդունել Սիրիայի իշխանությունների նկատմամբ: Լավրովը սակայն պատասխանել է, որ իր երկիրը դեռևս կողմ է այդ երկրում տեղի ունեցող խռովությունների երկխոսության միջոցով լուծման:

Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ-ի դեսպան Սյուզան Ռայսը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «արդեն վաղուց անցել է» ՄԱԿ-ի այնպիսի բանաձևի ընդունման ժամանակը, որի միջոցով ճնշում կգործադրվեր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և իր կառավարության նկատմամբ: Ռայսի համաձայն, այդ երկրի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառմանն ուղղված միջոցներին դեռևս կողմ չեն Անվտանգության խորհրդի բոլոր անդամները, սակայն «իմաստալից բանաձև մշակելուն» ուղղված աշխատանքները շարունակվում են:

XS
SM
MD
LG