Սիրիայի կենտրոնում գտնվող Համա քաղաքի դատախազը պաշտոնաթող է եղել՝ երկրի կառավարության կողմից ժողովրդավարություն պահանջող ցուցարարների նկատմամբ բազմաթիվ զոհերի բերած բռնությունների իրականացման պատճառով:
«YouTube» կայքում հրապարակված տեսահաղորդագրությունում դատախազ Ադնան Բաքուրն ասում է, որ պաշտոնաթող է լինում այն պատճառով, որ անվտանգության ուժերը Համայում հուլիսի վերջին սպանել են 72 բանտարկյալ, և ևս 400 բանտարկյալ սպանվել է օգոստոս ամսին քաղաքը պաշարելու ժամանակ:
Սիրիայի «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ պաշտոնաթողության մասին հաղորդագրությունը կեղծիք է, և «զինված ահաբեկչական խմբերը» ստիպել են Բաքուրին հանդես գալ նման հայտարարությամբ՝ այս շաբաթվա սկզբին իրեն գողանալուց հետո:
Համա քաղաքի ակտիվիստների և բնակիչների համաձայն, Սիրիայի անվտանգության ուժերը, տանկերի աջակցությամբ, քաղաքում չորեքշաբթի օրը փորձել են ձերբակալել նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը պահանջող ապստամբության առաջնորդներին: Նրանց համաձայն, հարյուրավոր զինծառայողներ խուզարկել են քաղաքի ալ-Քուսուր և ալ-Համիդիա թաղամասերը:
Ձերբակալվածների թվի մասին հաղորդագրություններ չկան;
Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ մահմեդական Ռամադան սուրբ ամսվա ավարտից ի վեր Սիրիայի անվտանգության ուժերի կողմից սպանվել է 360 քաղաքացիական անձ, զոհվել է նաև 113 զինծառայող:
Սիրիայի կառավարությունը երկրում տեղի ունեցող բռնությունների համար հիմնականում մեղադրում է «զինված խմբավորումներին և ահաբեկիչներին»: