Ղազախստանում չորեքշաբթի օրը մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, որի ընթացքում Կենտրոնական և Հարավային Ասիայի պետությունների ղեկավարներն անվտանգության վերաբերյալ բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի և Չինաստանի իրենց գործընկերների հետ։
Սպասվում է, որ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները, կազմակերպության ստեղծումից տասը տարի անց առաջին անգամ կքննարկեն կազմակերպության ընդլայնման հարցը։ Հնդկաստանը, Պակիստանը և Իրանը ցանկանում են լիարժեք անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որի նպատակն անցյալում եղել է Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ազդեցության սահմանափակումը։
Մոնղոլիան դեռևս չի ցանկանում փոփոխել դիտորդի իր կարգավիճակը։
Գագաթաժողովի մեկնարկից առաջ Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն երեքշաբթի օրը կոչ է արել Իրանի իր գործընկեր Մահմուդ Ահմադինեջադին հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի հետ:
Չինաստանի նախագահի համաձայն, Թեհրանին անհրաժեշտ է իրական քայլեր ձեռնարկել` վստահություն ստեղծելու ու երկխոսությանը սատարելու ուղղությամբ, ինչը, ասել է նա, բխում է ոչ միայն Իրանի, այլ նաև՝ ամբողջ տարածաշրջանի շահերից: