Մատչելի հղումներ

Սենատորներ Մենենդեսն ու Քըրքը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև կներկայացնեն


ԱՄՆ-ի սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին (արխիվային լուսանկար)

«ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից ընտրված սենատոր, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և Իլինոյս նահանգից ընտրված սենատոր, հանրապետական Մարկ Քըրքը հորդորել են իրենց գործընկերներին միանալ իրենց՝ դառնալով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող նոր բանաձևի համահեղինակներ»:

Այս մասին ասված է Ամերիկայի հայկական համագումարի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում: Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին բարձր է գնահատել սենատոր Մենենդեսի կողմից Հայոց ցեղասպանության անվիճելի փաստը վերահաստատելու հանձնառությունը՝ Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի հերքմանն ուղղված ջանքերին հակառակ:

«Բարձր ենք գնահատում նաև մարդկության դեմ գործած զարհուրելի ոճրագործությունը վերապրած անձանց փրկելուն ԱՄՆ-ի պատմական փառահեղ անցյալը մոռացության չմատնելուն ուղղված սենատոր Քըրքի ջանքերը», - ասել է Արդունին:

Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ բանաձևը, որը պաշտոնապես կներկայացվի ԱՄՆ-ի Սենատին այս ամսվա ընթացքում, հիմնականում նման է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ներկայացված բանաձևին, սակայն դրանում հիշատակված է Արդարադատության միջազգային դատարանին Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժի վերաբերյալ կոնվենցիայի 1951 թվականին ԱՄՆ-ի կողմից ներկայացված փաստաթղթի որոշ դրույթներ:

«Մասնավորապես, փաստաթղթում նշված է, որ Հռոմի կայսրության կողմից քրիստոնյաների հետապնդումները, թուրքերի կողմից հայերի սպանդը և ֆաշիստների կողմից միլիոնավոր հրեաների և լեհերի ոչնչացումը ցեղասպանության հանցագործության վառ օրինակներ են», - ասված է Ամերիկայի հայկական համագումարի կողմից տարածված հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG